AM
1 Փետրվար 2006 - 13:56 AMT

«La Stampa» օրաթերթը բողոքում է Նախիջեւանում հայկական հուշակոթողների ոչնչացման դեմ

Հունվարի 23-ին իտալական «La Stampa» օրաթերթն անդրադարձավ Ադրբեջանում հայկական գերեզմանների ու հայկական խաչքարերի դեմ տեղի ունեցած վայրագություններին` տպագրելով Ֆլավիա Ամաբիլեի «Ադրբեջանցի զինվորներն ավերում են հայկական հնագույն գերեզմանային կոթողները» վերնագրով հոդվածը: Հոդվածի հեղինակը, ներկայացնելով պատմական փաստեր, ավերածությունների վերաբերյալ իր բողոքն է արտահայտել Ադրբեջանական իշխանություններին, ինչպես նաեւ դժգոհել է այս հարցում ՄԱԿ-ի, ՅՈՒՆԵՍԿՃ-ի եւ միջազգային համայնքի անտարբերության եւ լռության կապակցությամբ: Իտալիայում ադրբեջանական դեսպանությունը նույն թերթի հունվարի 30-ի համարում հերքել է «իր երկրի դեմ ուղղված մեղադրանքները» եւ մեղադրել է թերթին կեղծ լուրեր տարածելու մեջ: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, թերթի նույն համարում տպագրվել է նաեւ Իտալիայում ՀՀ դեսպան Ռուբեն Շուգարյանի պատասխան-հոդվածը կատարվածի վերաբերյալ: ՀՀ դեսպանը, հղում կատարելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի ուղղված նամակին, մասնավորապես նշել է, որ դեռեւս 20-րդ դարի սկզբից Ադրբեջանն սկսել է սիստեմատիկորեն ոչնչացնել հայկական բոլոր հետքերը այսօրվա իր տարածքից` հատուկ ուժգնությամբ դրանք շարունակելով 2002 թ. եւ անցյալ տարվա վերջին: «Այս ծանր փաստի առիթով, – նշել է Ռ. Շուգարյանը, – միջամտել են նաեւ Եվրոպական Հանձնաժողովը, ԱՄՆ Կոնգրեսը եւ Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատը, որոնք Ադրբեջանի կառավարությանը խնդրել են անմիջապես դադարեցնել ցավալի բարբարոսությունը»,-ասել է Ռ.Շուգարյանը: