Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Ռոբերտ Քոչարյանի փարիզյան հանդիպումը նախապատրաստելու նպատակով երկու օր առաջ Բաքու ժամանած ԵԱՀԿ Մինսկի համանախագահներ` Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Սթիվեն Մաննը (ԱՄՆ), Բերնար Ֆասյեն (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը նախօրեին հանդիպել են Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ: Նրանց հանդիպումը շարունակվել է մոտ մեկ ժամ: Բանակցությունների ավարտից հետո համանախագահները տեսնելով հանդիպման վերաբերյալ մեկնաբանությունների սպասող լրագրողներին, դուրս եկան արտգործնախարարության ոչ թե շքամուտքից, այլ ետնամուտքից, եւ մեկնեցին Իլհամ Ալիւեի հետ հանդիպման:
Է.Մամեդյարովի հետ համանախագահների հանդիպման ժամանակ ադրբեջանական Ղարաբաղի ազատագրաման կազմակերպության (ՂԱԿ) անդամները կազմակերպության փոխղեկավար Ֆիրուդդին Մամեդովի գլխավորությամբ փորձել են մտնել արտգործնախարարության բակը` «Ազատություն Ղարաբաղին» եւ «Համանախագահներ հեռացե’ք» կարգախոսով: Սակայն ԱԳՆ շենքի առջեւ գտնվող ոստիկանության աշխատակիցները նստեցրել են նրանց ավտոբուս եւ հեռացրել այդ տարածքից:
Նույն օրը համանախագահների հետ է հանդիպել նաեւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Հանդիպմանը տեղի է ունեցել կարծիքների փոխանակում ղարաբաղյան հակամարտության կարգավորման ընթացիկ վիճակի եւ հեռանկարների շուրջ, քննարկվել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր, հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:






