Հուլիսի 6-17-ը Կազանում կայանալու են Համաշխարհային ուսանողական խաղերը: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի փոխնախագահ և գործադիր տնօրեն Ռազմիկ Ստեփանյանն ասաց, որ խաղերի ծրագրում ընդգրկված 27 մարզաձևերից իրենք մասնակցելու են 10-ին:
Մոտ 40 հայ մարզիկներ ելույթ են ունենալու շախմատ, լող, հունահռոմեական, ազատ ոճերի և գոտիներով ըմբշամարտ, ձյուդո, սամբո, բռնցքամարտ, աթլետիկա և ծանրամարտ մարզաձևերում:
«Ունիվերսիադային մեր մարզիկների պատրաստության համար պետական բյուջեից ծախսվել է 23 մլն դրամ, միայն գոտիներով ըմբշամարտ ձևի մարզիկների ծախսերն է հոգալու միջազգային ֆեդերացիան: Մենք նախատեսում ենք 6 ըմբիշների մասնակցությունը, սակայն այն դեռ վերջնական չէ»,- նշեց Ստեփանյանը:
Նրա խոսքով, որոշ ֆեդերացիաներ ևս լրացուցիչ ծախսեր են կատարում, որպեսզի կարողանան ավելի շատ մարզիկների ուղարկել խաղերին: Ստեփանյանն ըդգծեց, որ խաղերի բացման ժամանակ Հայաստանի պատվիրակության կազմում են լինեու շախմատիստները, ձյուդոիստները, ծանրորդները, բռնցքամարտիկները և գոտիներով ըմբիշները: Նրանք Կազան են մեկնելու հուլիսի 4-ին: Իսկ սամբիստներն ու ըմբիշներն ավելի ուշ են միանալու, քանի որ նրանք մրցասպարեզ են դուրս գալու հուլիսի 11-ից:
Ստեփանյանը հուլիսի 3-ին Կազանում մասնակցելու է Ուսանողական խաղերի մարզական խաղերի միջազգային ֆեդերացիայի ասամբլեային:






