AM
8 Փետրվար 2006 - 11:25 AMT

Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղարը Բաքվում չի խոսել Ղարաբաղի մասին

Ադրբեջանական ԶԼՄ-ները անցյալ շաբաթ տեղեկություններ են տարածել այն մասին, որ Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Միշել Դանեն Բաքվում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե իբր «Ադրբեջանի տարածքների մի մասը գրավված է այլ երկրի կողմից եւ Ադրբեջանը կարող է Լեռնային Ղարաբաղի գրավյալ տարածքներում թմրանյութերի աճեցումը եւ դրանց հետագա տարանցումը կանխել կամ դիվանագիտական ուղիով, կամ պատերազմով»: Լրատվամիջոցի հաղորդմամբ, Միշել Դանեն իբր թե նշել է, որ «ադրբեջանական կողմն իրեն փաստեր է տրամադրել թմրանյութերի արտադրության եւ տարանցման նպատակով գրավյալ տարածքներն օգտագործելու վերաբերյալ»: Այդ կապակցությամբ Բրյուսելում Հայաստանի դեսպանատունը դիմել է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Միշել Դանեին` վերոհիշյալ տեղեկությունը մեկնաբանելու խնդրանքով:

Համաշխարհային մաքսային կազմակերպությունը փետրվարի 7-ին Հայաստանի դեսպանությանն ուղղված պատասխան գրության մեջ «կտրուկ կերպով հերքել է ադրբեջանական մամուլի կողմից գլխավոր քարտուղարին վերագրած հայտարարությունները»: Հայտագրում նշված է, որ ասուլիսի ընթացքում Միշել Դանեին բազմաթիվ հարցեր են ուղղվել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ, սակայն գլխավոր քարտուղարը շեշտել է, որ Համաշխարհային մաքսային կազմակերպությունը լոկ մաքսային հարցերով զբաղվող տեխնիկական մարմին է, իսկ քաղաքական հարցերով պետք է զբաղվեն պետությունների ղեկավարները դիվանագիտական ճանապարհով: Հայտագրում նաեւ նշված է, որ Համաշխարհային մաքսային կազմակերպությունը բաղկացած է 169 անդամից, եւ գլխավոր քարտուղարը երբեք չի անդրադարձել որեւէ անդամ երկրի քաղաքական վիճակին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: