Ամառային Ուսանողական խաղերից հետո, որտեղ ելույթ են ունենալու 4 հայ ձյուդոիստներ, Հայաստանի հավաքականը մի քանի ուսումնամարզական հավաք է անցկացնելու: Կազանում ձյուդոիստների ելույթները կայանալու են հուլիսի 7-11-ը:
PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Տիգրան Բաբայանն ասել է, որ իրենք աշխարհի առաջնությունից առաջ հավաքներ են ունենալու Աբովյանում և Սոչիում:
«Գրանդ Շլեմին, որը կայանալու է հուլիսի 20-21-ը Մոսկվայում, ամենայն հավանականության, մասնակցելու են Հովհաննես Դավթյանն ու Արմեն Նազարյանը»,- նշել է մարզիչը:
Այնուհետև հայ ձյուդոիստները հուլիսի 21-31-ը միջազգային մրցաշարի են մասնակցելու Սոչիում: Նախապատրաստական վերջին փուլը կայանալու է Հայաստանում, իսկ աշխարհի առաջնությունը Ռիո դե Ժանեյրոյում անցկացվելու է օգոստոսի 26-ից մինչև սեպտեմբերի 11-ը:






