AM
9 Փետրվար 2006 - 11:18 AMT

Ադրբեջանի դիրքորոշումը ղարաբաղյան խնդրի վերաբերյալ միշտ հետեւողական է եղել, հավաստիացնում են Բաքվում

«Հայկական կողմը պետք է իր սկզբունքային դիրքորոշումը հայտնի ղարաբաղյան խնդրի շուրջ եւ բացատրի, թե ցանկանում է արդյոք կառուցողական բանակցություններ վարել, կարգավորել հակամարտությունը»,-հայտարարել է Ադրբեջանի նախագահի Գործադիր աշխատակազմի արտաքին կապերի բաժնի վարիչ Նովրուզ Մամեդովը` մեկնաբանելով փետրվարի 10-ին Փարիզում կայանալիք բանակցությունների հերթական փուլը Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների միջեւ: Ն.Մամեդովը հայտարարել է, որ այդ հանդիպմանը անհրաժեշտ է պարզաբանել հետեւյալը. ցանկանում է արդյոք հայկական կողմը կարգավորել խնդիրը կառուցողական բանակցությունների հիմքի վրա թե «այնուամենայնիվ կմանեվրի` ձգձգելով մի հանդիպումից մյուսը եւ այդպիսով ապահովի իր ներկայությունը իշխանության մեջ»: Նրա խոսքերով, չնայած նրան, որ մինչ այժմ երկու երկրների ԱԳՆ ղեկավարների, ինչպես նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպումներին բանակցություններ են տարվել խաղաղ կարգավորման որոշ տեխնիկական հարցերի շուրջ, կարեւորը սկզբունքային հարցերի լուծումն է: Ն.Մամեդովը հավելել է, որ այդ առնչությամբ Ադրբեջանի դիրքորոշումը հստակ է: «Գրավյալ ադրբեջանական տարածքները պետք է ազատվեն, փախստականները եւ բռնի տեղահանվածները` վերադառնան իրենց հողերը, պետք է ապահովվի Ադրբեջանի ամբողջականությունը: Դրանից հետո կորոշվի Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակը»,-ասել է նա: «Ադրբեջանի դիրքորոշումը ղարաբաղյան խնդրի վերաբերյալ միշտ եղել է հետեւողական, միանշանակ եւ վճռական»,-հավաստիացնում է Ն.Մամեդովը: