AM
10 Փետրվար 2006 - 10:46 AMT

Փարիզյան հանդիպումը ամենակարեւոր իրադարձությունն է ղարաբաղյան գործընթացում վերջին 5 տարվա ընթացքում

Փետրվարի 10-11 Փարիզի Ռամբույե դղյակում տեղի կունենան Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ: Չնայած, որ բանակցությունների արդյունքում չի ակնկալվում որեւէ համաձայնագրի ստորագրում, Իլհամ Ալիեւի եւ Ռոբերտ Քոչարյանի այս տարում առաջին հանդիպման հետ մեծ հույսեր են կապվում, հաղորդում է Բի-Բի-Սին: Հինգշաբթի օրը ԱՄՆ պետդեպարտամենտի իր անունը չնշած ներկայացուցիչն ասել է, որ հանդիպումը ամենկարեւոր իրադարձությունն է ղարաբաղյան գործընթացում վերջին 5 տարվա ընթացքում: Մեկնաբանները կարծում են, որ 2006 թվականին արդեն 18 տարի տեւող ղարաբաղյան հակամարտության կարգավորման որոնումներում կարող է ճեղքում առաջանալ: Այդ հույսերը սնուցվում են վերջին ժամանակներս կարգավորման ուղիների որոնման ակտիվացմամբ եւ կողմերի ու միջնորդների ներկայացուցիչների ակնարկներով:
Այն հարցին, թե հնարովոր է արդյոք իրական ճեղքում «նախկին ԽՍՀՄ տարածքի ամենաարյունոտ հակամարտություններից մեկի» լուծման գործում, Նյու Յորքի Eurasia Group խորհրդատվական ընկերության ներկայացուցիչ Յան Բրեմմերը, որը զբաղվում է ռիսկի գնահատմամբ հակամարտության գոտիներում, հայտարարել է. «Բուշի վարչակազմի ներկայցուցիչների հետ զրույցներից պարզ է դառնում, որ կողմերը շատ մոտ են նախնական համաձայնագրի ստորագրմանը: Ինձ թվում է, որ շրջանակային համաձայնագիրը փաստորեն պատրաստ է»:

Ըստ Բրեմմերի, համաձայնությունը Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ կարող է հիմք հանդիսանալ ճեղքման համար: Սակայն, ինչպես նշում է աղբյուրը, եթե դատենք ըստ Ալիեւի եւ Քոչարյանի անզիջում արտահայտությունների, ինչպես նաեւ ադրբեջանական եւ հայկական զանգվածային լրատվամիջոցների ռազմատենչ հրապարակումների, նման համաձայնության հասնելը դյուրին չի լինի:

Հավելենք նաեւ, որ ուրբաթ օրը Բրյուսելում ազգային ֆուտբոլի ֆեդերացիաների ներկայացուցիչների մասնակցությամբ կազմվում է Եվրոպայի առաջնության խաղերի ցանցը եւ անցկացման վայրը: Ադրբեջանի եւ Հայաստանի ֆուտբոլային կառույցների ղեկավարներն արդեն ասել են, որ պատրաստ են խաղալ հակառակորդի դաշտում, չեզոք դաշտում խաղալու փոխարեն: Սակայն, իրենց խոսքերով, առանց իշխանությունների աջակցության դա չի ստացվի: Այնպես որ, ղարաբաղյան կարգավորման գործընթացում կարող է հայտնվել եւս մեկ բաղադրիչ` սպորտային: