«Ես համարում եմ, որ Ռոբերտ Քոչարյանի քայլերը վարկաբեկում են ողջ ադրբեջանական ժողովրդին: Նման կերպով ընդհատելով բանակցությունները, Հայաստանի նախագահը ցույց տվեց իր վերաբերմունքը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ձգտմանը»,-հայտարարել է Ադրբեջանի Նացիոնալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Իսկենդեր Համիդովը: «Ինձ թվում է, որ դրանից հետո Ադրբեջանը պետք է իր մեջ ուժ գտնի եւ հրաժարվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ծառայություններից: Չէ որ այն, որ հայկական պետության ղեկավարին ուղեկցում էր Յուրի Մերզլյակովը մեկ անգամ եւս հաստատեց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գծով երեք երկրների համանախագահները հեռու են երկու երկրների հանդեպ արդարության սկզբունքներով առաջնորդվելուց»,-նշել է նա: Ըստ Ի.Համիդովի, Ղարաբաղի խնդրի լուծումը «կարող է կատարվել միայն ռազմական ճանապարհով»:
Հիշեցնենք, որ մեկնաբանելով ադրբեջանական կողմի հայտարարություններն այն մասին, թե հայկական կողմն իբր շտապ ընդհատել է բանակցությունները մինչ դրանց ավարտը, Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը դա անհեթեթություն է անվանել: «Հայաստանի նախագահը երկու օր գտնվում էր Ռամբույեում եւ Երեւան է վերադարձել նախատեսված ժամկետում»,-ընդգծել է Հայաստանի ԱԳՆ ղեկավարը:






