AM
16 Փետրվար 2006 - 11:28 AMT

Պոլսո հայոց պատրիարքը դատապարտել է զինված հարձակումը Կեսարիայի հայկական եկեղեցու վրա

Պոլսո պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը դատապարտել է Կեսարիայի Կայզերի քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վրա զինված հարձակումը: Նրա վկայությամբ, հարձակվողները, հակաքրիստոնեական կարգախոսներ վանկարկելով, հրազենից տասը գնդակ են արձակել եկեղեցու դռան վրա: Ինչպես հաղորդել են PanARMENIAN.Net-ի թղթակցին ՀԱԵ Ստամբուլի թեմում, թուրքահայերի հոգեւոր առաջնորդն այս հարձակումը կապել է եվրոպական երկրներում տպագրված Մոհամմեդ մարգարեի ծաղրանկարների պատճառով մահմեդական աշխարհում առաջացած լարվածության հետ: «Իսլամական շրջանակները, բնականաբար, իրավունք ունեն իրենց ցասումն արտահայտելու ծաղրանկարների դեմ, սակայն անհասկանալի բան է, երբ բռնի ուժով հարձակում է գործվում փոքրամասնությանը պատկանող աղոթատեղիների վրա: Բռնության որեւէ դրսեւորում որեւէ ձեւով արդարացված չէ, դատապարտելի է», – ասված է Պոլսո պատրիարքարանի տարածած հայտարարության մեջ: Տեղական իշխանությունները անմիջապես անվտանգության միջոցներ են ձեռնարկել եւ պահակություն հաստատել հայկական եկեղեցու բակում: