AM
18 Փետրվար 2006 - 09:23 AMT

Եվրախորհրդարանի բանաձեւը հարուցել է Բաքվի «ափսոսանքն ու զարմանքը»

«Հայկական սփյուռքի ծայրահեղական շրջանակների ճնշմամբ մշակված եւ փետրվարի 16-ին Եվրախորհրդարանի կողմից ընդունված «Մշակութային ժառանգությունն Ադրբեջանում» խորագրով բանաձեւը մեծ ափսոսանքի զգացմունք է առաջացնում»: Այդ մասին ասվում է Ադրբեջանի արտգործնախարարության հայտարարության մեջ: «Դարեր շարունակ իր էթնիկ բազմազանությամբ աչքի ընկնող Ադրբեջանի Հանրապետությունը, որը միշտ հավատարիմ է եղել այն զարգացնելու գաղափարին, իր պետության հովանու տակ է վերցրել 3,5 մլն հուշարձան: Ադրբեջանը միշտ թափանցիկ եւ կառուցողական հիմքի վրա է համագործակցել միջազգային կառույցների հետ, որոնք գործում են այդ ոլորտում, եւ դրական արդյունքների է հասել այդ ուղղությամբ, որոնք ճանաչվել են միջազգային ասպարեզում»,-նշում է ԱՀ ԱԳՆ-ն: «Այս որոշումը պետք է գնահատել որպես կանխակալ եւ անտեղի դիրքորոշում` Հայաստանի տարածքում եւ Ադրբեջանի գրավյալ տարածքներում ադրբեջանական պատմամշակութային հուշարաձնների հետեւողական ոչնչացման ֆոնի վրա: Այն դեպքում, երբ միջազգային հանրությունը ճանաչում է Հայաստանի կողմից Ադրբեջանի գրավյալ տարածքներում կատարած բոլոր մշակութային եւ պատմական արժեքների ավերածությունները, Եվրախորհրդարանի նման նշանակալի կառույցի կողմից նման որոշման կայացումը զարմանք է առաջացնում»,-նշում է Ադրբեջանի ԱԳՆ-ն, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:

Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին Եվրախորհրդարանը ընդունել է Ադրբեջանի կողմից Հին Ջուղայի (Նախիջեւան) գերեզմանատան խաչքարերի ոչնչացումը դատապարտող բանաձեւ, հաղորդում է ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբը: Բանաձեւին կողմ է քվեարկել Եվրախորհրդարանի 85 պատգամավոր, դեմ` 5-ը: Ելույթ ունեցողները շեշտեցին, որ անընդունելի է մշակութային համամարդկային նշանակություն ունեցող այդ խաչքարերի ոչնչացումը Ադրբեջանի կողմից, ինչի համար էլ պետք է հստակ պատգամ ուղարկել Եվրամիության նոր հարեւանության ծրագրին մաս կազմող հանցագործ պետությանը` Ադրբեջանին: Պատասխանելով Ադրբեջանի պաշտոնական ժխտումներին` ելույթ ունեցողները հարցնում էին, որ եթե իսկապես տեսագրված ոչնչացումը հայկական խաչքարերի ոչնչացում չէ, ինչո՞ւ Բաքուն թույլ չի տալիս, որ անկախ դիտորդներ այցելեն այնտեղ եւ տեղում ստուգեն եղելությունը: Նրանք պատասխանեցին նաեւ այն առարկություններին, թե խաչքարերի ոչնչացումը տեղի է ունենում Ղարաբաղյան պատերազմի շրջանակներում` ընդգծելով, որ «Նախիջեւանը հեռու է պատերազմի թատերաբեմից»: Քննարկումների ժամանակ ելույթ ունեցավ նաեւ Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչը եւ հայտնեց, թե հանձնաժողովը չի զբաղվում Եվրամիությունից դուրս գտնվող երկրների մշակութային կոթողներով, եւ եթե իսկապես հաստատվի, որ ոչնչացվածները խաչքարեր են, դա պետք է դատապարտել: Պետք է նաեւ նկատի ունենալ, որ դա տեղի է ունեցել Ղարաբաղյան հակամարտության շրջանակներում, ինչի պատճառով էլ Եվրամիությունը պատրաստ է աջակցել, որպեսզի հակամարտությունը խաղաղ կարգավորվի: