«Գայլի հովիտ` Իրաք» թուրքական ֆիլմը, որը նվիրված է իրաքյան վերջին պատերազմին եւ դարձել է ամենաթանկարժեք բեմադրությունը թուրքական կինոյի պատմության մեջ, հաճախելիության ռեկորդներ է սահմանում իր հայրենիքում, հաղորդում է Reuters գործակալությունը: «Գայլի հովտի» նկարահանումների համար ծախսվել է տասը միլիոն դոլար, իսկ ցուցադրության առաջին երկու շաբաթվա ընթացքում կինոնկարը դիտել է ավելի քան 3 մլն մարդ: Ֆիլմի տոմսերը հաջողությամբ են սպառվում Գերմանիայում, Ավստրիայում եւ Նիդերլանդներում, նախատեսվում է նաեւ դրա ցուցադրումը Մեր Բրիտանիայում եւ այլ երկրներում: Ֆիլմի գլխավոր հերոսը` Փոլադ Ալեմդարը, թուրքական հատուկ ծառայությունների գործակալն է Իրաքում, իսկ գլխավոր բացասական կերպարը` ամերիկացի հրամանատարն է: Ֆիլիմի հեղինակներն ընդգծում են, որ այն հիմնված է իրական իրադարձությունների վրա, իսկ քննադատաները ընկալում են այն որպես վտանգավոր շովինիստական պամֆլետ, գրում է թերթը: Մինչդեռ, ֆիլմը արտացոլում է հակաամերիկյան եւ հակասեմիտական տրամադրությունները, որոնք տարածված են ներկայիս Թուրքիայում: Այդպես, ցուցադրումների ժամանակ, երբ ըստ մարտաֆիլմի սյուժեի ամերիկացի սպան ստանում է իր արժանի պատիժը, կինոսրահները թնդում են ծափահարություններից: Այն երկիրը, որտեղ ավանդաբար գնահատվել է ամեն ամերիկյանը, դադարում է տեսնել ի դեմս ԱՄՆ-ի իր մերձավոր դաշնակցին, գտնում է բրիտանական պարբերականը: Մասնավորապես, թուրքերի դժգոհություն է առաջացնում իրենց տեսակետից Ամերիկայի ոչ բավարար հակազդեցությունը քուրդ անջատողականներին, որոնք արմատավորվել են Իրաքում: Թերթը նաեւ նշում է ազգայնական հայացքների ժողովրդականությունը, որոնք դրսեւորվում են, օրինակ, այն բանում, որ թուրքերը հրաժարվում են ճանաչել 1915 թվականի հայերի զանգվածային կոտորածները:






