Փետրվարի 21-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կմեկնի Բաքու, որտեղ կմասնակցի Ադրբեջանում Ռուսաստանի տարվա բացման արարողությանը: Միասնական Ադրբեջանի ժողովրդական ճակատի կուսակցության (ՄԱԺՃԿ) միջազգային հարցերով քարտուղար Էլչին Միրզաբեյլին գտնում է, որ Պուտինի այցն Ադրբեջան կարեւոր նշանակություն ունի տարածաշրջանի երկրների համար: Ըստ նրա, Ռամբույեի բանակցություններից հետո, ղարաբաղյան հակամարտության քննարկումը Ռուսաստանի նախագահի Ադրբեջան կատարելիք այցի շրջանակներում կարեւոր նշանակություն ունի: «Վերջին ժամանակներս Ռուսաստանը ակտիվ գործունեություն է ծավալել իր ազդեցությունը տարածաշրջանում ամրապնդելու ուղղությամբ: Պաշտոնական Մոսկվան բավական ակտիվ է G8 հանդիպման շրջանակներում: Ռուսաստանի նախագահի առաջիկա այցը կարեւորվում է ողջ Հարավային Կովկասի համար` որոշ հարցեր պարզաբանելու առումով: Ակնկալվում է, որ ուշադրության կենտրոնում կլինի Ռուսաստանի նախագահի հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության եւ ԱՊՀ տարածքի այլ հակամարտությունների վերաբերյալ»,-նշել է նա:
Միեւնույն ժամանակ, կուսակցության ներկայացուցիչն ընդգծել է, որ չի հավատում, թե Պուտինի Բաքու կատարելիք այցի ժամանակ առաջընթաց կարող է արձանագրվել ղարաբաղյան հարցում, քանի որ Ռուսաստանը իր ռազմավարական շահերը պաշտպանում է հակամարտությունների միջոցով, հաղորդում է Բաքվի «525» թերթը:






