«Եվրախորհրդարանի անցած նիստում , որի ժամանակ հայերը արծարծեցին Ջուղայում հայկական տապանաքարերի ավերման հարցը, բացահայտորեն խոսվեց քրիստոնեական գործոնի մասին»,-հայտարարել է Եվրամիությունում Ադրբեջանի դեսպան Արիֆ Մամեդովը: Նրա խոսքերով, պատգամավորները, որոնք ներկայացնում էին քրիստոնյա-դեմոկրտաներին, հատկապես Հունաստանից եւ Կիպրոսից, բացահայտորեն հայտարարեցին. «Մենք չպետք է մոռանանք, որ հայերը նույնպիսի քրիստոնյաներ են , ինչպես եւ մենք», «Հայերը Կովկասի հնագույն քրիստոնյա ժողովուրդն են»: «Բանը հասավ նրան, որ ԵՄ եւ Ադրբեջանի միջեւ միջխորհրդարանական հանձնաժաղովի նախագահը խնդրեց պատգամավորներին կրոնական երանգավորում չտալ խնդրին», նշել է Մամեդովը: Նա նաեւ հայտարարել է, որ առաջին անգամ է բախվում «նման բացահայտ քրիստոնեամետ դիրքորոշման հետ» եւ հավելել է. «Մեզ շատ է մտահոգում Ջուղայի հարցի քննարկումը Եվրոպայում տարածվող իսլամաֆոբիայի ֆոնի վրա»: ԵՄ-ում Ադրբեջանի դեսպանի խոսքերով, ադրբեջանական կողմին հաջողվեց փոխել միայն բանաձեւի անվանումը` բանաձեւի նախագիծը կոչվում էր «Ադրբեջանցիների կողմից հայկական մշակութային հուշարձանների ավերման մասին», հաղորդում է ԱՊԱ գործակալությունը: Հիշեցնենք, որ փետրվարի 16-ին Եվրախորհրդարանը ընդունել է Ադրբեջանի կողմից Հին Ջուղայի (Նախիջեւան) գերեզմանատան խաչքարերի ոչնչացումը դատապարտող բանաձեւ, հաղորդում է ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի հանձնախմբը: Բանաձեւին կողմ է քվեարկել Եվրախորհրդարանի 85 պատգամավոր դեմ` 5-ը: Ելույթ ունեցողները շեշտեցին, որ անընդունելի է մշակութային համամարդկային նշանակություն ունեցող այդ հայկական խաչքարերի ոչնչացումը Ադրբեջանի կողմից, ինչի համար էլ պետք է հստակ պատգամ ուղարկել Եվրամիության նոր հարեւանության ծրագրին մաս կազմող հանցագործ պետությանը` Ադրբեջանին:






