Ռուսաստանը պատրաստ է աջակցել Ադրբեջանի եւ Հայաստանի հաշտեցմանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի միջազգային հարցերով օգնական Սերգեյ Պրիխոդկոն: «Մենք պատրաստ ենք աջակցել մեզ բարեկամ Հայաստանի եւ Ադրբեջանի հաշտեցմանը այնքանով,, որքանով այդ երկրները իրենք են ցանկանում առաջ շարժվել կարգավորման ուղղությամբ»,-ասել է Պրիխոդկոն: «Մենք պատրաստ ենք ողջունել միմյանց հանդեպ նրանց ցանկացած քայլերը եւ աջակցել նրանց եւ ինքնուրույն, եւ Մինսկի խմբի շրջանակներում: Սակայն այդ շարժման նախաձեռնողները պետք է լինեն հակամարտության մասնակիցները»,-նշել է նա: Սերգեյ Պրիխոդկոն գտնում է, որ խնդրի լուծման ժամկետները կախված են մի քանի գործոններից: «Որքանով են կողմերը պատրաստ փոխզիջում որոնել, որքանով է լայն Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների մանեվրելու հնարավորությունը, որքանով են երկու երկրների ժողովուրդները պատրաստ սատարելու իրենց ղեկավարությանը փոխզիջման որոնումներում, որքանով է պատրաստ միջազգային հանրությունը արդյունավետորեն աջակցել անցյալից մեզ հասած, այդ ձգձգված հակամարտություն ավարտին հասցնելու ջանքերին»: Ընդ որում, ըստ ՌԴ նախագահի օգնականի, հակամարտությունը դուրս է եկել ռազմական փուլից. «Այժմ արդեն կարելի է ասել, որ հակամարտությունը դուրս է եկել ռազմական փուլից, որ արդեն բազում տարիներ Ղարաբաղում իրադրությունն այնքան թեժ չէ, որքան տարածաշրջանի այլ կետերում` եւ դա երկու երկրների ղեկավարների արժանիքն է»: «Մենք համոզված ենք, որ հետագայում եւս հակամարտության հանգուցալուծումը պետք է բացարձակապես խաղաղ լինի եւ ցանկացած ուղղակի շփումները կարող են միայն օգուտ տալ»,-ասաց Պրիխոդկոն, հաղորդում է «Ինտրեֆաքս» գործակալությունը:






