AM
22 Փետրվար 2006 - 09:37 AMT

Ս.Մանն. Եթե 2006 թվականին համաձայնություն ձեռք չբերվի ղարաբաղյան խնդրի շուրջ, դա իսկական ողբերգություն կլինի

«ԱՄՆ պետքարտուղարը հաստատել է այն միտքը, որ տարիներ շարունակ արտահայտում են Միացյալ Նահանգները: Ք.Ռայսը շեշտել է համաձայնագրի կայացման կարեւորությունը եւ վերահաստատել ԱՄՆ-ի հավատարմությունը ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցային գործընթացին աջակցելու հարցում: Ռամբույեում բանակցությունները համակողմանիորեն քննարկվել են: Սակայն ես չէի ցանկանա մանրամասնել այդ քննարկումները»,-հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննը: Ս.Մաննը հրաժարվեց կարծիք հայտնել ադրբեջանական կողմի դիրքորոշման վերաբերյալ: Նա ասել է, թե լսել է ադրբեջանական մամուլի հրապարակումների մասին, որոնց համաձայն բանակցությունների երկրորդ օրը Ռոբերտ Քոչարյանը եւ Յուրի Մերզլյակովը դուրս են եկել բանակցային դահլիճից եւ առանձնացել, ինչից հետո բանակցություններն ընդհատվել են, սակայն ինքը նման բան չի տեսել Ռամբույեում: «Ես Ռամբույեում եմ եղել եւ նման բան չեմ տեսել: Ես էլ ծանոթ եմ այդ հրապարակումներին եւ կարող եմ ասել, որ այդ պատմությունը հնարած է», – նշել է Սթիվեն Մաննը:

Նշելով, որ իրենք քննարկել են բանակցությունների ընթացքը, Ս.Մաննը ասել է, որ «2006-ը հակամարտության լուծման տարի է: Ռամբույեում հարցերն առաջ չգնացին, բայց ժամացույցի սլաքը շարժվում է»: Ընդգծելորվ, որ եթե 2006 թվականին համաձայնություն ձեռք չբերվի, դա իսկական ողբերգություն կլինի, Սթիվեն Մաննը ասել է, որ վերջին 2 տարվա ընթացքում մեծ աշխատանք է կատարվել: Հնարավորություններ են հայտնվել պայմանավորվածության հասնելու համար, որն ուղղակի անհրաժեշտ է: Եթե կողմերը չօգտվեն այդ հնարավորությունից, դա ուղղակի ողբերգություն կլինի»: Նշելով, որ Պրահայի գործընթացը ստեղծվեց գաղտնի պահելու համար հակամարտության կարգավորմանն ուղղված կողմերի ջանքերը, դիվանագետն ասել,է թե ամեն ինչ կախված է երկու նախագահների քաղաքական կամքից: «Իմ կարծիքով, նախագահները շատ լուրջ են վերաբերվում այս հարցին: Ես հավատում եմ, որ երկու երկրների հասարակությունները սատար կկանգնենք խաղաղ պայմանագրի գաղափարին: Ադրբեջանցիների եւ հայերի հետ անձնական խոսակցություններից պարզ է դառնում, որ կողմերից ոչ մեկը չի ցանկանում վերսկսել ռազմական գործողությունները: Դա բարենպաստ գործոն է: Սակայն առաջ ընթանալու եւ տարաձայնություններից ազատվելու համար կամք է պետք, որը պետք է դրսեւորեն երկու ժողովրդները»,-նշել է ամերիկացի դիվանագետը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը Բաքվից: