AM
22 Փետրվար 2006 - 11:13 AMT

Եվրոպական դատարանը մեղադրել է Թուրքիային խոսքի ազատությունը ոտնահարելու համար

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիային մեղավոր է ճանաչել երկրում խոսքի ազատությունը սահմանափակելու եւ ոտնահարելու համար: Եվրոպական դատարանի Մեծ ժյուրին փետրվարի 21-ին քննարկել է Թուրքիայի քաղաքացիներ Յըլմազ Օդաբաշիի եւ Նիազի Քոջակի դիմումները` կապված 1996 թ. հրատարակված «Երազը եւ կյանքը» խորագրով գրքի մի քանի հոդվածների հետ, որոնցում նրանք քննադատում են Քեմալիզմի պետական գաղափարախոսությունը: Հիշեցնենք, որ Անկարայի Պետական անվտանգության դատարանը 1998 թ. դատապարտել էր վերոնշյալ մտավորականներին «Աթաթուրքի հիշատակը անարգելու մեջ»: Արդյունքում Օդաբաշին դատապարտվել էր մեկուկես տարվա ազատազրկման, իսկ Քոջակը ենթարկվել էր ֆինանսական տույժի: Ինչպես հաղորդում է թուրքական «Չիհան» լրատվական գործակալությունը, Եվրոպական դատարանի հայտարարությունում նշվում է, որ ուսումնասիրելով դիմումները եւ հրապարակված հոդվածները` նրանք դրանցում տեսել են ո’չ թե Աթաթուրքի անձը նսեմացնող, այլ Քեմալական գաղափարախոսության նկատմամբ քննադատական մոտեցում: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Թուրքիայից պահանջել է 10.450 եվրո վճարել տուժողներին` որպես փոխհատուցում: