AM
10 Հուլիս 2013 - 12:19 AMT

Հենրիխ Մխիթարյան. «Բորուսիայում» լավ մթնոլորտ է, և ես հասցրել եմ ծանոթանալ մի քանի խաղացողների հետ

Դորտմունդի «Բորուսիայի» հետ 4 տարվա պայմանագիր կնքած Հենրիխ Մխիթարյանը խոստովանել է, որ իր տեղափոխության հետ կապված որևէ «ոդիսական» իրականում չկար: «Մինչ այդ ես հիմնականում Երևանում էի և համբերատար սպասում էի տարբեր ակումբների միջև ընթացող բանակցություններին և իմ գործակալի գործողություններին, սակայն տարածվեցին ամենատարբեր տեղեկություններ և խոսակցություններ: Դրանք ԶԼՄ-ների համար օգտակար էին, ինձ համար՝ ոչ: Այդ էր պատճառը, որ ես խնդրեցի անհարկի մեկնաբանություններ չանել»,- ՀՖՖ պաշտոնական կայքին ասել է Մխիթարյանը:

Նա նշել է, որ թիմում լավ մթնոլորտ է, և իրեն շատ լավ են ընդունել, ինչի համար նա շատ ուրախ է: Մխիթարյանը խոստովանել է նաև, որ արդեն հասցրել է ծանոթանալ մի քանի ֆուտբոլիստի հետ: Նոր թիմում հայ կիսապաշտպանը հանդես է գալու 10 համարի մարզաշապիկով. «Ես տատանվում էի ինձ և իմ երկրպագուներին արդեն հարազատ դարձած 22 և10 համարների միջև: Որոշեցի ընտրել նորը»:

Մխիթարյանը շնորհակալություն է հայտնել «Շախտյորին», ակումբի նախագահին, մարզչական շտաբին, հատկապես գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուին, թիմակիցներին և ակումբի բազմահազար երկրպագուներին: «Առանց նրանց ես չէի հասնի նրան, ինչին հասել եմ այսօր: Հուսով եմ, որ կկարողանամ բոլորի հույսերն արդարացնել»,- ավելացրել է նա:

Հուլիսի 10-ից Մխիթարյանը մասնակցում է «Բորուսիայի» մարզումներին: