AM
23 Փետրվար 2006 - 11:27 AMT

Բաքվում լրջորեն քննարկում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «պատ կառուցելու» հնարավորությունը

Ադրբեջանական հասարակության մեջ սկսվում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «պատնեշի կառուցման» հնարավորության քննարկումներ: «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վաղ թե ուշ պետք է պատ կանգնեցվի, որը մեզ կօգնի պաշտպանվել անբարյացկամ հարեւանի հերթական ագրեսիայից, բացի այդ, կառույցը թույլ չի տա ադրբեջանական ժողովրդին եւ նրա սերունդներին մոռանալ Երեւանի հանցավոր ծրագրերը: Այդպիսի առաջարկի օգտին են հադես եկել Միլի Մեջլիսի պատգամավորներն ու հասարակական գործիչները: Ըստ որում, նրանք հատկապես ընդգծում էին, որ պատը կունենա առաջին հերթին մեծ հոգեբանական նշանակություն, քան պաշտպանական»,- գրում է Բաքվի «Էխո» թերթը:

«Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատի կառուցումը անհրաժեշտ է» համարում պաշտապանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի անդամ Զահիդ Օրուջը: Պատգամավորը նաեւ նշում է, որ «նույնիսկ երկու երկրների միջեւ համաձայնագրի ստորագրումից հետո հնարավոր է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ինքնըստինքյան կարգավորվի, բայց հոգեբանական առումով դժվար ինչ-որ փոփոխություն գրանցվի»: «Համաձայնագրից հետո անմիջապես անհնարին կլինի վերացնել երկու ժողովուրդների միջեւ գոյություն ունեցող ատելութությունն ու անվստահությունը»,- զգուշացնում է Օրուջը: «Այս անգամ վերականգնել նախկինում գոյություն ունեցող բարեկամության ու համագործակցության մթնոլորտը ավելի դժվար կլինի»,- համոզված է խորհրդարանականը: Այս իրադրությունում, խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահը համոզված է «Պետք է ամրապնդել անվստահության եւ ուշադրության զգացումը երկու երկրների միջեւ պատի տեսքով»: «Հոյակապ է, որ այդ թեման քննարկվում է հասարակության մեջ»,- ասում է պատգամավոր Օրուջը: «Մենք պարզապես ստիպված կլինենք պատ կառուցել, որպեսզի աճող սերունդը չմոռանա անցյալի անհաջողությունները»,- պնդում է ադրբեջանցի խորհրդարանականը: «Այս անգամ հայերի հետ մեր խոսակցությունը շատ կարճ կտեւի»,- իր հերթին հայտարարեց պատգամավոր Ագիլ Աբասը` «Ադալյաթ» թերթի խմբագիրը: Նրա խոսքերով, «այսօր Հայաստանը շրջապատված է թուրքալեզու ժողովուրդներով, եւ այդ պատճառով նրանք այս անգամ կամ խելքի կգան, կամ էլ այլեւս նրանք այստեղ չեն լինի»: