Էլեկտրոնային ֆորումների ստեղծման առաջին իսկ օրից թուրքական շրջանակները բողոքում են, թե հայերն առաջ են անցել այդ ոլորտում: Հայկական Սփյուռքի (ավելի ուշ` նաեւ Հայաստանի) անհատական ու հավաքական ջանքերով ավելի ազդեցիկ աշխատանք է տարվում, քան անում է թուրքական ուրացումի պետական մեքենան: ՀՅԴ Միջին Արեւելքի Հայ Դատի գրասենյակի նորաստեղծ կայքը (www.ancme. org) արաբ ընթերցողին է ներկայացնում Հայոց ցեղասպանությանը եւ Հայ Դատին վերաբերող տեղեկություններ, ուսումնասիրություններ ու լրատվություն: Նորաստեղծ կայքէջում ընդգրկված են Հայոց ցեղասպանությունը ճանաչած բոլոր խորհրդարանների եւ միջազգային մարմինների ընդունած բանաձեւերը, արաբ գիտնականների աշխատություններ հայության եւ Հայ Դատի մասին, արաբների ու այլազգիների վկայություններ, պատմական ակնարկներ, քարտեզներ, լուսանկարներ: Կայքի «Վերջին լուրերի» բաժինը ներկայացնում է Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը Հին Ջուղայի խաչքարերի ոչնչացման վերաբերյալ, ինչպես նաեւ տարածաշրջանին եւ հայությանը վերաբերող այլ լրատվություն: Կայքն ունի նաեւ հրատարակությունների ու կապերի բաժիններ: Առաջիկայում տեղադրվելու է նաեւ գրասենյակի «տեղեկատուն»: Կայքը կանոնավորապես կհարստանա նորանոր աշխատություններով, լրատվությամբ ու փաստաթղթերով, հայտնում է «Երկիր» թերթը:






