AM
23 Փետրվար 2006 - 15:32 AMT

Ղարաբաղը հայ ժողովրդի բարոյական աջակցության կարիքն ունի

Ղարաբաղի մտավորականության ներկայացուցիչների մի խումբ բաց նամակ է հղել հայ ժողովրդին: Նամակում, մասնավորապես, ասվում է, որ Ադրբեջանի նպատակաուղղված քարոզչական աշխատանքի «շնորհիվ» եւ Հայաստանի քաղաքական վերնախավի անգործության պատճառով ղարաբաղյան հակամարտությունը սկսեց ընկալվել զուտ որպես հայ-ադրբեջանական հակամարտություն: «Հայաստանի իշխանությունները, որոնք ԼՂՀ փոխարեն մասնակցում են բանակցություններին, «դարձրեցին» Արցախը վիճարկելի տարածք Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ: Այդ համատեքստում Ադրբեջանին դժվար չէ ներկայացնել հայոց բանակը ագրեսորի կերպարանքով, իսկ ազատագրված տարածքները որակել որպես օկուպացված»,-ասվում է նամակում : Հայկական դիվանագիտության պարտվողական քաղաքականության արդյունքում Ադրբեջանը շահեկանորեն փոխեց իր իմիջը, ագրեսորից վերածվելով հակամարտության զոհի: Բաքվից հնչող հայատյացությանն ի պատասխան հայ դիվանագետները խոսում են զիջումների պատրաստակամության` տարածքները հանձնելու, ադրբեջանցի փախստականներին վերադարձնելու եւ Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն 15 տարի անց անցկացնելու մասին: Ըստ նամակի հեղինակների, այդ ամենի արդյունքում միջազգային ատյաններում շրջանառության մեջ դրվեցին փաստաթղթեր, որոնց իրագործումը անխուսափելիորեն կբերի Ղարաբաղի կորստյանը: «Ընդ որում, ոչ ոք այսօր չի խոում Գետաշեն-Շահումյանի, հայ փախստականների մասին: Փոխարենը խոսվում է Դաշտավայրային Ղարաբաղի հանձնման մասին, թեեւ մեզ, արցախցիներիս, լավ է հայտնի, թե ինչ կլինի այդ տարածքները հանձնելու դեպքում` երաշխիքների փոխարեն: Մենք մեր մաշկի վրա ենք տեսել ադրբեջանական «երաշխիքների» գինը»,-նշվում է նամակում:

Ինչ վերաբերում է հանրաքվեն 10-15 տարի անց անցկացնելուն, ղարաբաղցիները միանշանակ դեմ են այդ գաղափարին, քանի որ գիտակցում են դրա իրականացման վտանգը: Ղարաբաղի մտավորականները դիմում են ողջ հայ ժողովրդին կոչ անելով չգնալ այն վայ-գործիչների ուղիով, որոնք ցանկանում են սեպ խրել հայ ժողովրդի երկու հատվածների միջեւ: Ղարաբաղյան հարցի լուծման միակ տարբերակը ԼՂՀ մասնակցությունն է բանակցային գործընթացին: Միայն այդ դեպքում Ադրբեջանը կդադարի շահարկել «տարածքային ամբողջականությունը», քանի որ Ղարաբաղը երբեք չի եղել ինքնիշխան Ադրբեջանի կազմում: Նամակի հեղինակները նշում են, որ Ղարաբաղի ժողովուրդն ունի ողջ հայության բարոյական աջակցության իրավունքը: Քանի, որ, ինչպես ասել է Մոնթե Մելքոնյանը (Ավո), «եթե մենք կորցնենք Արցախը, դա կդառնա մեր պատմության վերջին էջը»,-հաղորդում է Karabakh-online.com-ը: