«Ներկայումս Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման առումով մենք ընտրության երկու հնարավորություն ունենք. համաձայնել մեզ չգոհացնող պայմանագրին կամ առաջարկին, կամ սպասել որոշ ժամանակ եւ հասնել Ադրբեջանի համար ավելի նպաստավոր արդյունքի: Ես երկրորդ տարբերակի կողմնակիցն եմ», – թուրքական NTV հեռուստաալիքի հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը: Խոսելով Ադրբեջանում վերջին երկու տարում արձանագրված առաջընթացի մասին` Իլհամ Ալիեւը շեշտել է, որ երկրի բյուջեն ներկայումս չորս անգամ գերազանցում է Հայաստանի բյուջեն, եւ տնտեսական ու ռազմական աճող ներուժը կուժեղացնի Ադրբեջանի դիրքերը բանակցային գործընթացում:
Խոսելով Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարի կառուցման ուշացման մասին, Իլհամ Ալիեւը անվանել է դա բնական: «Դա բնական է, քանի որ խոսքը գնում է մի հսկայական, միջազգային նախագծի մասին, որը միավորում է երեք երկիր, երկու ծով եւ դրա կառուցումը, ինժեներական աշխատանքները շատ բարդ են: Ներկայումս, նավթը հասել է Թուրքիա, որտեղ տարվում են ավարտական աշխատանքները: Հուսով եմ, որ առաջիկայում մենք կտոնենք Ջեյհանում նավթատարի բացումը»,- ասել է Ադրբեջանի նախագահը:






