Շուրջ 100 հայեր Մոնրեալից, Լավալից, Տորոնտոյից, Քեմբրիջից եւ Օտտավայից մասնակցել են Ադրբեջանի հակահայկական քաղաքականության դեմ ուղղված բողոքի ցույցին, որը տեղի է ունեցել փետրվարի 24-ին Կանադայի մայրաքաղաքում: Ցույցը կազմակերպվել է ՀՅԴ Բյուրոյի կոչով` ՀՅԴ «Արմեն Կարո» ուսանողական միության ու ՀՅԴ Կանադայի երիտասարդական միության կողմից: Ցուցարարներն առավոտյան հավաքվեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնատեղիի առջեւ` պահանջելով միջազգային այդ կազմակերպության միջամտությունն ու Նախիջեւանի հայկական խաչքարերի ոչնչացման եւ հայ ժողովրդի մշակութային ավանդի դեմ ադրբեջանական բարբարոսությունների դատապարտումը: «Մենք ակնկալում ենք դատապարտումը այսպիսի ոճիրների, որոնք գործադրվում են Ադրբեջանի կողմից հայ ժողովրդի մշակութային ժառանգության նկատմամբ, ժառանգություն, որը պատկանում է ոչ միայն հայ ժողովրդին, այլեւ համայն մարդկությանը, իբրեւ խորհրդանիշ հավատի եւ քաղաքակրթության: Ժամանակն է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն քայլեր ձեռնարկի այդ ուղղությամբ»,-նշել են մասնակիցներն իրենց ելույթներում: Նրանք հուշագիր հանձնեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչությանը, որից հետո շարժվեցին դեպի ադրբեջանական դեսպանատուն: «Մենք պիտի շարունակենք պայքարը մինչեւ երաշխավորվի հայոց մշակութային հարստության անվտանգությունը, Հայաստանի շրջափակման վերացումը, մինչեւ որ վստահ լինենք, որ Սումգայիթի ու Բաքվի ջարդերն այլեւս չեն կրկնվի, եւ աշխարհը հասկանա, որ Ղարաբաղը հայկական էր եւ ընդմիշտ հայկական է մնալու»,-հայտարարել են իրենց ելույթներում Րաֆֆի Սարգսյանը եւ Հարութ Պեքիարյանը: Ցուցարարները փորձեցին բողոքագիր հանձնել Ադրբեջանի դեսպանատուն, սակայն ադրբեջանական պաշտոնատարները չփորձեցին որեւէ կապ հաստատել պատվիրակության հետ: Բողոքագիրը տրվեց ոստիկանությանը, որն այն փոխանցեց դեսպանատուն, հաղորդում է «Երկիր» թերթը:






