ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի Լեռնային Ղարաբաղի գծով զեկուցող Գորան Լենմարկերը մարտի վերջին կայցելի Ադրբեջան: Այդ մասին հաղորդել է ԵԱՀԿ ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ, պատգամավոր Էլդար Իբրահիմովը: Նա նշել է, որ ադրբեջանական պատվիրակության անդամները հանդիպել են Գ.Լենմարկերի հետ ԵԱՀԿ ԽՎ հինգերորդ ձմեռային նստաշրջանի ընթացքում, որն անցել է Վիեննայում փետրվարի 23-27-ը: Գ.Լենմարկերը նշել է, որ չի կարողացել մասնակցել Ադրբեջանում 2005 թվականի նոյեմբերի 6-ի խորհրդարանական ընտրությունների դիտարկմանը, քանի որ այցով Հայաստանում էր գտնվում: Ըստ Է.Իբրահիմովի, պայմանավորվածության համաձայն Գ.Լենմարկերը կայեցլի Ադրբեջան մարտի վերջին: Նշելով, որ Ադրբեջանում կրկին կքննարկվի իր պատրատած զեկույցը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ` Է.Իբրահիմովն ասել է, որ «Գ.Լենմարկերը ցանկանում է, որ մենք եւ հայ պատգամավորները հանդիպենք քննարկելու համար իր պատրաստած զեկույցը»: Պատգամավորն ընդգծել է, որ այցի ընթացքում սպասվում են Լենմարկերի հանդիպումները փախստականների եւ բռնի տեղահանվածների հետ: Է.Իբրահիմովը նշել է նաեւ, որ Լենմարկերն անդրադարձել է նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Ռոբերտ Քոչարյանի հանդիպմանը Ռամբույեում: «Նա բարձր է գնահատել բանակցությունների անցկացումն ու Ադրբեջանի նախագահի վարքագիծը»,-ասել է ադրբեջանցի պատգամավորը, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:






