AM
16 Հուլիս 2013 - 06:22 AMT

Ունիվերսիադա: Այսօր ելույթ կունենան Արսեն Ջուլֆալակյանն ու Արթուր Ալեքսանյանը

Այսօր Կազանում ընթացող Ունիվերսիադայում պայքարի մեջ կմտնեն Հայաստանի վերջին ներկայացուցիչները: Հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարում ելույթ կունենան Եվրոպայի չեմպիոն, աշխարհի և Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանն ու Եվրոպայի չեմպիոն ու Օլիմպիադայի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը:

Ջուլֆալակյանը (74 կգ) 1/16 եզրափակչում կմրցի Աթաբեկ Ազիզբեկովի (Ղրղզստան) հետ, իսկ Ալեքսանյանը (96 կգ) 1/8 եզրափակչում ` Սուլեյման Դեմիրիի (Թուրքիա):

Ունիվերսիադայում Հայաստանի հավաքականը նվաճել է 6 մեդալ: Խաղերի հաղթող է դարձել սամբիստ Տիգրան Կիրակոսյանը (52 կգ), արծաթե մեդալներ են նվաճել ազատ ոճի ըմբիշ Դավիթ Սաֆարյանը (66 կգ), հունահռոմեական ոճի ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը (84 կգ), բռնցքամարտիկ Արթուր Քիրաջյանը (64 կգ) և շախմատիստ Զավեն Անդրիասյանը, իսկ բրոնզե`Հենրիկ Մոքոյանը (56 կգ):