Սումգայիթյան ջարդերի 18-րդ տարելիցի կապակցությամբ, զոհերի հիշատակին Ստեփանակերտի հուշահամալիրում իրենց հարգանքի տուրքը մատուցելու էին եկել հանրապետության օրենսդիր եւ գործադիր իշխանությունների անդամները` ԼՂՀ ԱԺ նախագահի գլխավորությամբ: Հուշահամալիրում հավաքվել էին նաեւ քաղաքական եւ հասարակական գործիչներ, նախկին սումգայիթցիներ, ուսանողներ, դպրոցականներ: ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանի խոսքերի համաձայն, աշխարհը չի լռում Սումգայիթյան ոճրագործության մասին, որովհետեւ գոնե աշխարհի մի հատվածում ամեն տարի հիշում են այս օրը: «Եվ այն, որ փետրվարի 28-ին բոլոր ստեփանակերտցիները հավաքվում են այստեղ` հարգելու Սումգայիթյան զոհերի հիշատակը, նույնպես վկայում է այն մասին, որ այդ եղեռնագործությունը բավականին խոր է նստած մեր ժողովրդի գիտակցության մեջ: Բոլորիս պարտավորությունն է, ամեն մեկս մեր հնարավորությունների շրջանակներում, փորձել այն ներկայացնել եւ միջազգային հանրությանը, եւ բոլոր այն կառույցներին, ովքեր այսօր հետեւում են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին ու զարգացումներին, եւ փորձում են ինչ-որ բան անել հակամարտությունները լուծելու ճանապարհին: Սումգայիթը ոչ միայն այն ոճրագործությունն էր, որը Արցախյան շարժման հենց սկզբից եկավ սթափեցնելու մեզ, որ պարզապես ցանկություններով չէ, որ պետք է լուծվի Ղարաբաղի հիմնախնդիրը, այլ այն, որ հենց դրանից հետո մեր ժողովրդի մեջ արթնացավ ինքնապաշտպանության այն զգացումը, որը հետագայում բերեց հաղթանակի»,-հայտարարել է Ղուլյանը, հայտնում է Karabakh-online-ը :






