Վաշինգտոնում կայանալիք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպմանը կքննարկվի Ռամբույեում ձեռք բերված արդյունքների հիման վրա կատարվելիք առաջիկա քայլերի հնարավորությունը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռինո Հարնիշը: Նրա խոսքերով, վաշինգտոնյան հանդիպումից չարժե առաջխաղացում ակնկալել ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցում, սակայն միեւնույն ժամանակ ամերիկյան կողմը հավատում է, որ ԱՄՆ-ն, Ֆրանսիան եւ Ռուսաստանը ներկայացնող համանախագահներին կհաջողվի օգտակար խորհրդակցություններ անցկացնել: Հղում անելով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Նիքոլաս Բըրնսին, ամերիկացի դիվանագետը հայտարարել է, որ պայմանավորվածությունների ձեռքբերումը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման շրջանակներում «սարերի ետեւում չէ»: Նշենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հերթական հանդիպումը նախատեսվում է մարտի 7-8 Վաշինգտոնում, հաղորդում է «Թրենդ» գործակալությունը:






