Աջակցությունը Լեռնային Ղարաբաղում վերաբնակվել ցանկացողներին կդառնա Ռուսաստանի Կռասնոդարի երկրամասում ստեղծված «Հայրենիքի կանչը» հայկական հասարակական կազմակերպության հիմնական նպատակը: Ռուսաստանի հարավի հայերի «Երկրամաս» թերթի հաղորդագրության համաձայն, կազմակերպությունը, մասնավորապես, կտանի քարոզչական աշխատանք, ինչպես նաեւ կկազմակերպի տարբեր բնույթի միջոցառումներ: Կազմակերպության ղեկավարների կարծիքով, առաջին հերթին հարկավոր է ցանկացողներին ծանոթացնել տարբեր արտոնություններին, որոնք, ԼՂՀ կառավարության որոշմամբ, տրամադրվում են վերաբնակների ընտանիքներին: Նրանք նաեւ իրենց վրա են վերցնում Լեռնային Ղարաբաղում հայերի վերաբնակեցման հետ կապված կազմակերպչական հարցերը: Կազմակերպության հուլիսի 19-ին կայացած սահմանադիր ժողովին ողջյունի ուղերձ է հղել ԼՂՀ արտաքին գործերի նախարար Աշոտ Ղուլյանը: Ուղերձում մասնավորապես նշվում է, որ Կռասնոդարի երկրամասում այսօր ապրում է «աշխարհի ամենախոշոր հայկական համայնքներից մեկը, որի ոչ քիչ տոկոսը կազմում են ղարաբաղցիները»: