AM
19 Հուլիս 2013 - 11:30 AMT

Լևոն Ջուլֆալակյան. Պետք է հաղթել ոչ միայն մրցակցին, այլև մրցավարին

Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Օլիմպիկայան չեմպիոն Լևոն Ջուլֆալակյանը PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում ամփոփեց Ունիվերսիադայի արդյուքները:

Կազանից հայ ըմբիշներից Մաքսիմ Մանուկյանն (84 կգ) ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը (96 կգ) վերադարձել են արծաթե մեդալներով, իսկ Եվրոպայի չեմպիոն, աշխարհի առաջնության և Օլիմպիադայի արծաթե մեդալակի Արսեն Ջուլֆալակյանը (74 կգ) դարձել է բրոնզե մեդալակիր:

«Եթե անկեղծ լինեմ, ապա Ունիվերսիադայի մրցավարությունը շատ կողմնակալ էր: Արթուրի և Արսենի ռուս մարզիկների հետ գոտեմարտերի ժամանակ մրցավարները կայացրին մի շարք սխալ որոշումներ: Այն ժամանակ, երբ մեր տղաներն ակտիվ էին գործում, նրանցից պասիվության համար միավոր հանեցին: Նման որոշումները, բնականաբար, հակառակորդների օգտին են լինում»,- նշեց Ջուլֆալակյանը:

Արսեն Ջուլֆալակյան- Ռոման Վլասով գոտեմարտում Վլասովին միավորներ տրվել են հայ մարզիկի պասիվ լինելու համար. «Արսենը հաղթում էր 1:0 հաշվով, սակայն մրցավարի որոշմամբ Վլասովը միավոր ստացավ: Իսկ նա էլ պատահական ըմբիշ չէ և կարողացավ օգտվել առավելությունից ու հաղթել»:

Նույն սխալները եղան նաև Արթուր Ալեքսանյան- Նիկիտա Մելնիկով եզրափակչի ժամանակ: «Նորից միավորներ տրվեցին ռուս մարզիկին: Սակայն ես ամբողջովին չեմ մեղադրում մրցավարներին: Ես տղաներին էլ եմ ասել. պետք է հաղթել ոչ միայն մրցակցին, այլև մրցավարին»,- ավելացրեց Ջուլֆալակյանը:

Մարզիչը նշեց նաև, որ գոհ է Մաքսիմ Մանուկյանից, որն անցկացրել է լավ գոտեմարտեր ու աստիճանաբար նկատելի աճ է արձանագրում:

«Ընդհանուր առմամբ, ես գոհ եմ մեր թիմի ելույթից: Սա աշխարհի առաջնության նախապատրաստական փուլերից մեկն էր ու եթե լիարժեք վիճակում լինեինք, ապա այն հետագայում կխանգարեր»,- հավելեց Օլիմպիական չեմպիոնը: