AM
22 Հուլիս 2013 - 10:23 AMT

Արոնյան. Շախմատիստները սիրում են հաշմանդամություն ունեցող մարդկանց ու միշտ նրանց կողքին են

Հուլիսի 22-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը գրոսմայստեր Լևոն Արոնյանը «Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» խորագրով շախմատային սեանս անցկացրեց:

25 խաղատախտակների վրա շախմատիստը դիմակայեց լրագրողներին ու հաշմանդամություն ունեցող մարդկանց: 24 պարտիայում հաղթեց Արոնյանը, և միայն սպորտային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանին հաջողվեց կես միավոր կորզել գրոսմայստերից: Արդեն չորրորդ տարին է, որ ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակի երկրորդ համարը մասնակցում է այդ միջոցառմանը: Արոնյանը նշեց, որ շատ կարևոր է խոսել հաշմանդամների իրավունքների մասին:

«Սա շատ լավ հնարավորություն է այդ մարդկանց ինչ որ կերպ օգնելու համար: Շախմատիստները սիրում են հաշմանդամություն ունեցող մարդկանց ու միշտ նրանց կողքին են: Միշտ մեծ բավականություն եմ ստանում այս մրցաշարից» ,- ասաց գրոսմայստերը:

«Սպորտը` հանուն հավասար հնարավորությունների» ակցիայի նտպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորություններ ստեղծելու գաղափարին: