Մարտի 1-ին հանդես գալով Անկարայում` պետական կառավարման եւ տարածքային կառուցվածքի բարեփոխման խնդիրներին նվիրված խորհրդաժողովում, Եվրոպայի Խորհրդի Տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի նախագահ Ջովաննի դի Ստազին ընդգծել է.«Մեր կողմից իրագործված դիտարկումը ցույց տվեց, որ Թուրքիայում սկսվել է ապակենտրոնացման գործընթացը եւ երկրում առկա է արդի ժողովրդավարական պետություն կառուցելու ամուր քաղաքական կամք»: «Վերջին տարիներին մենք դարձանք Թուրքիայի իշանությունների նվիրվածության վկաները` կառավարման արդիականացման ուղղությամբ էական ինստիտուցիոնալ փոփոխությունների իրագործման առումով ինչպես տեղական մակարդակով, այնպես էլ գավառների մակարդակով: Մենք տեսանք, որ երկրի կառավարությունը ձեռնամուխ եղավ օրենսդրական բարեփոխումների նոր ծրագրի իրագործմանը»,-նշել է նա: Նա հուսով է, որ Թուրքիան կշարունակի ուժեղ տարածքային պետական իշխանություն ունեցող արդի ժողովրդավարական պետություն կառուցելու իր ծրագրի իրագործումը: «Ես համոզված եմ, որ Թուրքիան նաեւ իր էական ներդրումը կունենա «Սեւծովյան» եվրատարածաշրջանի ստեղծման ծրագրի եւ Սանքտ Պետերբուրգի միջտարածաշրջանային եւ անդրսահմանային համագործակցության կենտրոնի կյանքի կոչման գործում»,-հայտարարել է Ջովաննի դի Ստազին: «Իր կողմից, Եվրոպայի Խորհուրդը առաջիկայում եւս ակտիվորեն կաջակցի երկրի ապակենտրոնացման եւ արդիականացման ծրագրերին»,-եզրափակել է Կոնգրեսի նախագահը, հաղորդում է Եվրոպայի Խորհրդի կոնգրեսի հաղորդակցությունների բաժինը:






