AM
6 Մարտ 2006 - 08:39 AMT

Ս.Մանն. Կան հույսեր եւ հնարավորություններ Ղարաբաղի շուրջ պայմանավորվածության հասնելու համար

«Ես չեմ հավատում Պրահայի գործընթացի ավարտին: Կարծում եմ, որ կան հույսեր եւ հնարավորություններ Ղարաբաղի շուրջ պայմանավորվածության հասնելու համար: Սակայն, ժամանակը սուղ է»,-հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Սթիվեն Մաննը: Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի Ռամբույեւոմ տեղի ունեցած բանակցություններին, ամերիկացի դիվանագետը հայտարարել է, որ երկու կողմերը մեծ առաջընթաց են գրանցել, սակայն, միեւնույն ժամանակ, կան մի շարք լուրջ չլուծված հարցեր: «Սակայն, մենք ենթադրում էինք, որ այդ բացթողումները կլրացվեն Ռամբույեում, եւ մենք առաջ կշարժվենք: Դա տեղի չունեցավ: Եվ մենք ափսոսում ենք, որ այդպես եղավ»,-ասել է նա: Նրա խոսքերով, ղարաբաղյան հակամարտության երկու կողմերը ներկայացված են լուրջ եւ վճռական մարդկանցով: «Այդ պատճառով ես դեռեւս հուսով եմ, որ հատկացված ժամանակահատվածում մեզ կհաջողվի առաջընթաց գրանցել: Ի՞նչ ես ի նկատի ունեմ ժամանակահատված ասելով: Իմ կարծիքով, տարվա ավարտին երկու կողմերը մուտք կգործեն քաղաքական սեզոն: Հայաստանում սպասվում են խորհրդարանական, իսկ Ադրբեջանում` նախագահական ընտրություններ: Ներքաղաքական բանավեճերի բախվող կառավարությունների համար ոչ միայն դժվար է առաջընթաց գրանցել բանակցություններում, այլ դա ուղղակի անհնար է: Համանախագահները հավատում են, որ պայմանավորվածության պետք է հիմա հասնել»,-ասել է Մաննը: Ընդ որում նա ավելացրել է, որ եթե 2006 թվականին պայմանավորվածություն ձեռք չբերվի, կողմերին նման խորության բանակցությունների հասցնելու համար անհրաժեշտ կլինի մի քանի տարի:

Անդրադառնալով Վաշինգտոնում կայանալիք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջիկա հանդիպմանը` Սթիվեն Մաննը նշել է, որ դա միջնորդների հերթական հանդիպումն է: «Այդ հանդիպումը թույլ կտա մեզ առավել խորությամբ գնահատել Ռամբույեում տեղի ունեցածը եւ նախանշել առաջիկա քայլերը»,-ասել է նա: Ամերիկացի համանախագահը նաեւ նշել է, որ կողմերը պետք է փոխզիջումների գնան: «Ըստ իս, մենք գտնվում ենք այն փուլում, երբ դրական ուղղությամբ իրավիճակը փոխելու համար անհրաժեշտ է ոչ միայն նախարարների, այլեւ ժողովրդների կամքը»,-գտնում է ամերիկացի համանախագահը, հաղորդում է «ԱզերՏաջը»: