Գտնվելով Եվրոպայի եւ Ասիայի խաչմերուկում, Հայաստանը պոտենցիալ տարանցիկ երկիր է միջազգային թրաֆիկինգի համար: Այդ մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի «Թմրանյութերի միջազգային վերահսկման ռազմավարություն 2006» խորագրով ամենամյա զեկույցում: Փաստաթղթում նշվում է, որ ներկայումս Հայաստանի սահմանափակ տրանսպորտային կապը հարեւան երկրների հետ հանրապետությունը վերածում է երկրորդական երթուղու թմրանյութերի տեղափոխման համար: Չնայած Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից Հայաստանի սահմանների շրջափակմանը ղարաբաղյան հակամարտության պատճառով` որոշ քանակի թմրանյութեր այնուամենայնիվ ներկրվում են Հայաստան Թուրքիայից եւ Վրաստանից: Բուն երկրում թմրանյութերի օգտագործումը լուրջ խնդիր չի հանդիսանում եւ ՀՀ-ում թմրանյութերի տեղական շուկան մեծ չէ: Հայաստանը չի հանդիսանում թմրանյութեր արտադրող խոշոր պետություն, նշվում է փաստաթղթում: 2005 թվականի առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստանի ոստիկանությունը բացահայտել է թմրանյութերի տեղափոխման հետ կապված 458 հանցագործություն եւ 15 հանցագործություն, կապված թմրանյութերի ընդհատակյա օգտագործման հետ: Այդ ընթացքում առգրավվել է շուրջ 14 կգ թմրանյութ: Ինչպես նշվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի զեկույցում, ԱՄՆ կառավարությունը կշարունակի աջակցել Հայաստանին թմրանյութերի թրաֆիկինգի դեմ պայքարում:






