Օգոստոսի 2-4-ը Վանաձորում կկայանա Ստեփան Սարգսյանի անվան ազատ ոճի ըմբշամարտի միջազգային մրցաշարը: PanARMENIAN.Net-ի թղթակցի հետ զրույցում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արայիկ Բաղդադյան ասաց, որ մասնակցելու են 10 երկրների մոտ 140 մարզիկներ:
«Այս տարի մրցաշարին շատ ուժեղ և տիտղոսակիր ըմբիշներ են մասնակցելու: Մենք Ծաղկաձորում համատեղ հավաք ենք անցկացրել ԱՄՆ-ի և Ղրղզստանի թիմերի հետ ու պատրաստվել ենք մրցաշարին: Ուժեղ կազմերով են ելույթ ունենալու նաև Ռուսաստանի, Ուկրաինայի, Ուզբեկստանի և Վրաստանի հավաքականները»,- նշեց նա:
Մարզիչն ընդգծեց, որ Հայաստանը ներկայացնելու են 35 ըմբիշներ, այս տարի մրցաշարը բաց են թողնելու Կազանի Ունիվերսիադայում արծաթե մեդալ նվաճած Դավիթ Սաֆարյանն (66 կգ) ու Մուսա Մուրթազալիևը (84 կգ), որը վնասվածք է ստացել:
«Այս մրցաշարն ընտրական է լինելու, դրանից հետո ես արդեն կկողմնորոշվեմ, թե ովքեր են մեկնելու աշխարհի առաջնություն: Նոր ըմբիշներ կհրավիրվեն հիմնականում 55 և 60 կգ քաշային կարգերում, մեծ մրցակցություն է սպասվում նաև 74 կգ-ում», -ավելացրեց Բաղդադյանը:
Օգոստոսի 2-ին տեղի է ունենալու ըմբիշների կշռման արարողությունը, մեկ օր անց պայքարի մեջ են մտնելու մինչև 55, 66, 84 և 120 կգ քաշային ըմբիշները, իսկ օգոստոսի 4-ին` մինչև 60, 74 և 96 կգ:






