ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեն մարտի 7-ին ելույթ ունենալով Ներկայացուցիչների պալատում ԱՄՆ կառավարության կոչ է արել չխախտել 2001թ-ի պայմանավորվածությունը եւ վերականգնել Հայաստանին եւ Ադրբեջանին տրվելիք ռազմական օգնության հավասարակշռությունը, հայտնել է ՀՅԴ Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը: Հիշեցնենք, որ Բուշի կառավարությունը անցյալ ամիս առաջարկել էր 2007թ-ի բյուջեով ավելի մեծ ռազմական օգնություն հատկացնել Ադրբեջանին, քան Հայաստանին, ինչպես նաեւ Հայաստանին տրվելիք տնտեսական օգնությունը կրճատել 33 տոկոսով` 74,4 միլոին դոլարից դարձնելով 50 միլոին: Փալոնն իր գործընկերներին բացատրել է, որ ռազմական օգնության հավասարակշռության խախտումը կթուլացնի Լեռնային Ղարաբաղի բանակցությունները եւ կհանգեցնի տարածաշրջանի անկայունությանը: «Մենք ցանկանում ենք շնորհակալություն հայտնել կոնգրեսական Փալոնին` Հայաստանին եւ Ադրբեջանին հատկացվելիք ամերիկյան օգնության հավասարակշության պահպանման կարեւորությունը իր գործընկերներին ներկայացնելու համար»,- ասել է հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը:






