ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի գծով տեղակալ Դենիել Ֆրիդը, ելույթ ունենալով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում, հայտարարել է, որ Վաշինգտոնը «կոչ է անում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին բաց չթողնել պահը եւ վերջ տալ ղարաբաղյան հակամարտությանը: «Մենք հուսով ենք, որ կարող ենք համագործակցել Ռուսաստանի եւ այլ երկրների հետ Հարավային Օսիայի, Մերձդնեստրի, Աբխազիայի եւ Լեռնային Ղարաբաղի վտանգավոր եւ հյուծող հակամարտությունների կարգավորման նպատակով: Մենք հուսով ենք, որ Ռուսաստանը կգնահատի Հարավային Օսիայի հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ Վրաստանի առաջարկների առավելությունները եւ կաշխատի այն որոշման ուղղությամբ, որով կհարգվեն Վրաստանի տարածքային ամբողջականությունը եւ Հարավային Օսիայի ժողովրդների իրավունքները»,-նշել է նա: «Մենք կշարունակենք աշխատել մեր եվրոպացի գործընկերների հետ եվրոպական սահամնների երկայնքով բռնակալության դեմ պայքարելու եւ հակամարտությունները կարգավորելու ուղղությամբ` Բելառուսում, Հարավային Կովկասում եւ Բալկաններում: Այդ նպատակներին հասնելու համար մենք ձգտում ենք ավելացնել այնպիսի առանցքային կազմակերպությունների հնարավորությունները, ինչպիսիք են ՆԱՏՕ-ն եւ ԵԱՀԿ-ն եւ ամրապնդել ԱՄՆ-ԵՄ հարաբերությունները»,-հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը:






