AM
9 Մարտ 2006 - 14:54 AMT

ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը ոչինչ չգիտի Ջոն Էվանսի` Հայաստանից ետ կանչման վերաբերյալ

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակ Շոն ՄքՔորմաքը երեկ ասել է, թե տեղյակ չէ, որ Հայաստանում ԱՄՆ֊-ի դեսպան Ջոն Էվանսը հետ է կանչվել Երեւանից: «Տեղյակ չեմ, որ մենք որեւէ մեկին հետ ենք կանչել: Կարծում եմ, որ նա դեռեւս ծառայում է իբրեւ դեսպան Հայաստանում»,- նշել է նա:
Հիշեցնենք, որ շարք լրատվամիջոցներ, վկայակոչելով լավատեղյակ աղբյուրներ, հաղորդել էին, թե պետդեպարտամենտը մտադիր է հետ կանչել Հայաստանում ԱՄՆ֊-ի դեսպան Ջոն Էվանսին, որն անցած տարվա փետրվարին հայտարարել էր, թե ցեղասպանություն է համարում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում կատարվածը: Միաժամանակ, երեկ ամերիկյան Կոնգրեսում տեղի ունեցած լսումների ժամանակ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով խորհրդական Դենիել Ֆրիդին Էվանսի ճակատագրի մասին հարց է ուղղել Կալիֆորնիայից ընտրված կոնգրեսական Գրեյս Նապոլիտանոն:

Կալիֆորնիայի ներկայացուցիչը փորձել է բարձրաստիճան դիվանագետից պարզել, թե արդյո՞ք ճիշտ է, որ Էվանսը հետ է կանչվել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար, եւ եթե դա այդպես չէ, ինչո՞ւ է դեսպանի ծառայության ժամկետը Հայաստանում կարճվում (նրա նախորդներն ավելի երկար են աշխատել Հայաստանում): Կոնգրեսականը հարցրել է, թե արդյո՞ք պետդեպարտամենտի աշխատակիցներին պաշտոնապես արգելվում է 1,5 միլիոն հայերի կոտորածը ցեղասպանություն որակել: Կոնգրեսական Նապոլիտանոն Դենիել Ֆրիդին հարցում է ուղղել նաեւ հայ֊-թուրքական սահմանի բացման հնարավորության եւ Կարս ֊- Ախալքալակ -֊ Բաքու երկաթուղու կառուցման նպատակահարմարության վերաբերյալ: Ենթադրվում է, որ Էվանսի մասին հարցին կպատասխանի ոչ միայն Դենիել Ֆրիդը, այլեւ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը, որին նույն հարցերն են հասցեագրվել անցած ամիս Կոնգրեսում տեղի ունեցած լսումների ժամանակ, հայտնում է «Ազատությունը» ռադիոկայանը: