AM
5 Օգոստոս 2013 - 13:30 AMT

Վարդան Մինասյան. Կարևոր է բոլոր խաղացողներին տեսնել գործի մեջ և ստուգել նրանց համագործակցությունը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն օգոստոսի 10-ից սկսելու է նախապատրաստվել օգոստոսի 14-ին կայանալիք Ալբանիա-Հայաստան ընկերական հանդիպմանը: ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը որոշ պարզաբանումներ է տվել կազմի հետ կապված:

«Հրավիրված 29 խաղացողներից կընտրվեն 23-ը, ովքեր էլ կնախապատրաստվեն Ալբանիայի հետ հանդիպմանը: Մ-21 տարեկանների հավաքականն անցկացնելու է իր հանդիպումը օգոստոսի 11-ին, որից հետո այն խաղացողները, ովքեր հրավիրվել են նաև երիտասարդական հավաքական, կմիանան մեզ արդեն Ալբանիայում»,- նշել է Մինասյանը:

Մարզչի խոսքով, քանի որ որ Կառլեն Մկրտչյանի և Արտյոմ Խաչատուրովի թիմերն իրենց հանդիպումներն անցկացնելու են ուշ, այդ երկու ֆուտբոլիստները հավաքականին կմիանան Ալբանիայում: Իսկ Հրայր Մկոյանի և Հենրիխ Մխիթարյանի մասնակցությունը հավաքին կասկածի տակ է, քանի որ նրանք երկուսն էլ առայժմ վնասվածքներ ունեն:

«Հիմնականում փորձելու ենք խաղալ այն նույն մարտավարությամբ, որով խաղալու ենք Չեխիայի դեմ: Խոսքն այստեղ կազմի մասին չէ, այլ հենց մարտավարության: Աշխատելու ենք խաղաժամանակ տրամադրել բոլոր այն խաղացողներին, ովքեր քիչ են հնարավորություն ունենում դրսևորել իրենց»,- ավելացրել է Մինասյանը:

Նա ընդգծել է, որ բավականին երկար ընդմիջումից հետո իրենց համար ավելի կարևոր է տեսնել բոլոր խաղացողներին գործի մեջ և ստուգել նրանց համագործակցությունը. «Հավաքականն արդեն ունի հստակ ձեռագիր և այս կարճ ժամանակում մենք չենք պատրաստվում դիմել կտրուկ փոփոխությունների:

Միակ բանը, որ պակասում է մեր հավաքականին, դա կայունությունն է: Բացի այդ, ես միշտ նշել եմ, որ շատ կարևոր է, որ չլինեն որակազրկումներ, ֆուտբոլիստները չունենան վնասվածքներ և ամենակարևորը մշտապես խաղան իրենց ակումբներում»: