AM
10 Մարտ 2006 - 12:41 AMT

Ջավախքի կազմակերպությունները Վրաստանի նախագահին խնդրում են ինքնավարություն տրամադրել

Վրաստանի հայաբնակ Սամցխե-Ջավախք շրջանի հայկական հասարակական կազմակերպությունները դիմել են Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլիին` խնդրելով շրջանին ինքնավարության կարգավիճակ տրմադրել: Այդ մասին երեկ լրագրողներին հայտնել է «Ջավախքի երիտասարդություն» կազմակերպության նախագահ Վարդան Հակոբյանը: Նրա խոսքերով, Վրաստանի նախագահին ուղղված նամակում խնդրվում է քննարկել Վրաստանի դաշնային կազմում շրջանի կարգավիճակը: «Մենք գտնում ենք, որ կկարողանանք կարգավորել այս իրավիճակը: Խնդիրը նրանում է, որ Վրաստանի ներկայիս սահմանադրության մեջ գոյություն չունի «դաշնություն» հասկացությունը, սակայն կա տարածքային ամբողջականության հասկացությունը»,- հայտարարել է կազմակերպության նախագահը: Նրա խոքերով, դրությունը Ջավախքում շատ բարդ է եւ հիշեցնում է Ղարաբաղի եւ Նախիջեւանի հարցերի միջին տարբերակը: «Հույս ունեմ, որ Ջավախքին ինքնավարություն տրամադրելով, Վրաստանը կկարողանա ժողովրդավարական մոտեցումներ գտնել ազգային փոքրամասնությունների հետ կապված հարցերում, որը օրինակ կդառնա, եւ առաջին քայլը կհանդիսանա նոր Վրաստանի ճանապարհին»,- ասել է Վ. Հակոբյանը: