AM
10 Մարտ 2006 - 13:46 AMT

«Հակա-Սորոսը» պահանջում է Միխաիլ Սահակաշվիլու հրաժարականը

Վրաստանի «Հակա-Սորոս» հասարակական շարժումը, երկրի «Արդարություն», «Պահպանողամիապետական եւ Ժողովրդավարական ընդդիմադիր քաղաքական կուսակցությունները պահանջում են Միխաիլ Սահակաշվիլու հրաժարականը, արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրությունների անցկացում եւ ստորագրահավաք են սկսում ի պաշտպանություն ընդդիմության նախաձեռնությունների: Ըստ «Հակա-Սորոսի» առաջնորդ Մայա Նիկոլեիշվիլու, «այսպես կոչված «վարդերի հեղափոխության» արդյունքում Վրաստանում իշխանության եկած մարդիկ, որոնք կոչվում են «վարդագույն իշխանութնուն«, ըստ էության, օտարերկրյա վասսալներ են»: «Հակա-Սորոսի» առաջնորդը գտնում է, որ ամերիկացի միլիարդատերի փողերի պատճառով «Վրաստանը կործանվում է»: «Եղբայրասպան պատերազմ է նախապատրաստվում Կովկասում: Այդ փողերով Վրաստանում ստեղծվեց եւ ամրապնդվեց բռնակալություն, իշխանության եկավ բռնակալ Սահակաշվիլին, որը համոզված է իր անպատժելիության եւ ամենազորության մեջ»,-ասել է նա: Նշենք, որ զուգահեռաբար Թբիլիսիում, խորհրդարանի շենքի առջեւ զանգվածային հանրահավաք է կազմակերպել Վրաստանի Ազատական կուսակցությունը եւ մի շարք այլ կուսակցություններ: Լեյբորիստների առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին կոչ է արել Սահակաշվիլուն, վարչապետ Նողաիդելիին եւ խորհրդարանի խոսնակին «դուրս գալ մարդկանց մոտ եւ նայել նրանց աչքերին»: Իրենց պահանջները չկատարելու դեպքում նրանք սպառնում են փակել Ռուստավելու պողոտան:

Ավելի վաղ «Հակա-Սորոսը» անց էր կացրել սոցիոլոգիական հետազոտություն եւ պարզել Թբիլիսիի բնակիչների վերաբերմունքը ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի գործունեության եւ երկրի քաղաքականության վրա նրա ազդեցության հանդեպ: 1 500 մարդու հարցման արդյունքում պարզվել է, որ Թբիլիսիի բնակչության 90 տոկոսը Սորոսին համարում է Վրաստանի թշնամի, իսկ 4,4 տոկոսը` իրենց երկրի բարեկամ, հաղորդում է «Ռոսբալթ» գործակալությունը: