Տեղի է ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր կոմիտեի նիստը, որը նախագահել է Ռուբեն Հայրապետյանը:
Նիստում անդրադարձ է եղել հուլիսի 11-ին Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի «Ինտեր» Տուրկու -«Վիկինգուր» Ֆարերյան Կղզիներ հանդիպումը սպասարկած հայաստանյան մրցավարական անձնակազմի՝ գլխավոր մրցավար Անդրանիկ Արսենյանի և Հովհաննես Ավագյանի կողմնակալ մրցավարության և խաղադրույքներ կատարելու նպատակով խաղի ելքի վրա ազդելու միտումնավոր գործողություններ կատարելու խնդրի հետ կապված հանգամանքներին:
Գործադիր կոմիտեին ներկայացվել է, որ մրցավարական անձնակազմը ներգրավված է եղել պայմանավորված խաղի գործընթացում, կատարել է անթույլատրելի, պատժելի գործողություններ, որոնք ապացուցված են ինչպես ՈւԵՖԱ-ի, այնպես էլ ՀՖՖ-ի կողմից արված բազմաթիվ ուսումնասիրություններով:
Պայմանավորված խաղում իրենց ներգրավվածության մասին հանգամանորեն պատմել են նաև մրցավարները, ովքեր այդ մասին գրել էին նաև բազմաթիվ ապացույցների ճնշման տակ:
Տվյալ գործընթացին մասնակցել են «Շահումյան» ֆուտզալի թիմի ղեկավար Գրիգոր Հովասափյանը և «Արարատ»-ի նախկին ֆուտբոլիստ Էդգար Սաֆարյանը:
Խստորեն քննադատելով կատարվածը, ՀՖՖ գործադիր կոմիտեն որոշել է մրցավարներին ցմահ որակազրկել ֆուտբոլային գործունեության իրականացումից, կարգապահական վարույթ իրականացնել այս գործընթացում ընդգրկված մյուս անձանց նկատմամբ և կիրառել կարգապահական կանոնակարգերով պայմանավորված խաղերի հետ կապված խստագույն միջոցներ:






