Դեռ 2011 թվականի Համահայկական խաղերի ավարտից հետո Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան հայտարարեց, որ ձևավորվելու է ազգային հավաքական, որն էլ մասնակցելու է միջազգային մրցաշարերի:
Այսօր արդեն Երևանում մարզվում են բասկետբոլիստներ, որոնք հիմնականում ամերիկաբնակ են: Հավաքականի գլխավոր մարզիչ Կարլ Բարդաքյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ իրենց գլխավոր նպատակն է լավ հանդես գալ 2014թվականի Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությանը:
«Մեր հավաքականում ընդգրկված են տարբեր երկրներում բնակվող հայ բասկետբոլիստներ: Մենք հիմա պատրաստվում ենք Եվրոպայի առաջնությանը, որը, հույս ունենք, կկայանա Երևանում»,- ասաց Բարդաքյանը:
Հայաստանն արդեն հայտ է ներկայացրել Եվրոպայի C դիվիզիոնի առաջնությունն անցկացնելու համար: Եթե այն ընդունի Երևանը, ապա խաղերը տեղի կունենան Մարզահամերգային համալիրում:
Վաղը հավաքականը մեկնելու է Արցախ: Ըստ Բարդաքյանի, իրենք հանդիպում կունենան նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի և Պարգև Սրբազանի հետ:






