Մարտի 11-ին Վրաստանի ժողովրդական պաշտպանի գրասենյակում տեղի ունեցավ մամլո ասուլիս, նվիրված մարտի 9-ին կատարված միջադեպին, որի արդյունքում սպանվեց Գեւորգ Գեւորգյանը, տուժեցին նաեւ Վրաստանի այլ հայազգի քաղաքացիներ, որոնք տարբեր աստիճանի ծանրության մարմնական վնասվածքներ են ստացել: Այդ մասին PanARMENIAN.Net-ին են հաղորդել Վրաստանի Հայկական համագործակցության կենտրոնում: Ըստ պաշտոնական տվյալների, Վրաստանի իրավապահ մարմինները ձերբակալել են հինգ կասկածյալների, մյուսները որոնվում են: Միջադեպի արդյունքում տարածաշրջանի հայերը դուրս եկան բողոքի զանգվածային ցույցի, որոնք այնուհետեւ վերածվեցին անկարգությունների: Ցույցի մասնակիցներին ցրել են Վրաստանի ՆԳՆ հատուկ նշանակության ջոկատները: Բախման հաջորդ օրը, Ծալկա են ժամանել ժողովրդական պաշտպանի ներկայացուցիչները: Վրաստանի օմբուդսմեն Սոզար Սուբարին հարցի նախնական ուսումնասիրությունից հետո կարծիք է հայտնել, որ բախումը տեղի է ունեցել կենցաղային հողի վրա: Նա կոչ է անում հնարավորություն տալ իրավապահ մարմիններին առանց ճնշման ավարտին հասցնել հետաքննությունը:
Մամլո ասուլիսի ժամանակ ելույթ ունեցավ նաեւ Վրաստանի Հայկական համագործակցության կենտրոնի նախագահ Կարեն Էլչյանը: Նա ցավակցություն հայտնեց զոհվածի ընտանիքին եւ ներկայացրեց իր գլխավորած կազմակերպության պաշտոնական դիրքորոշումը: Նա, մասնավորապես, նշեց, որ տվայլ պահին կա հանցագործության դրդապատճառների երկու տարբեր վարկած, որոնցից մեկի հետ` էթնիկ հողի վրա կատարված հանցագործության մասին վարկածին է հակված նաեւ տուժող կողմը: Պատասխանելով լրագրողի հարցին Սամցխե Ջավախքին ինքնավար շրջանի կարգավիճակ տրամադրելու վերաբերյալ ջավախահայերի պահանջի մասին` նա նշել է, որ պահանջը միանգամայն օրինական է եւ հիմնվում է ֆեդերալիզմի եւ տարածքային ամբողջականության սկզբունքների վրա: Ընդ որում նա ավելացրել է, որ տարածաշրջանի բնակչությունը համոզված է, որ ինքնավար կարգավիճակի տրամադրումը շրջանին կլինի նրանց քաղաքացիական իրավունքների եւ ազատությունների իրականացման գործոն, Վրաստանի իրավասության շրջանակներում:
Հայ Առաքելական եկեղեցու Վրաստանի թեմը նույնպես իր դիրքորոշումն է հայտնել կատարվածի առիթով: Թեմի առաջնորդի օգնական Լեւոն Իսախանյանը հավանություն է տվել Կ.Էլչյանի հայտնած դիրքորոշմանը հանցագործության դրդապատճառների վերաբերյալ երկու վարկածների առկայության մասին եւ ավելացրել է, որ նման հանցագործությունները երկրի հայ բնակչության դեմ ուղղված հակահայկական հիստերիայի տրամաբանական հետեւանքն են: Նա նաեւ թեմի անունից կոչ է արել պատկան պետական մարմիններին առավել մեծ ուշադրություն դարձնել Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցու թեմի խնդիրների կարգավորմանը, ազգամիջյան հարաբերություններին եւ ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպանությանը:






