ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնը մարտի 10-ին նամակ է հղել պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսին` արտահայտելով իր հիասթափությունը Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսին հետ կանչելու վերաբերյալ տեղեկություններից, հայտնել է ՀՅԴ Հայ Դատի Ամերիկայի հանձնախումբը: Մամուլի հրապարակումների համաձայն` Էվանսին հետ են կանչելու Հայոց ցեղասպանությունը ճանաչող հայտարարությունների համար: Նամակում Փալոնը գրել է, որ ինքը «խիստ զայրացած է, որ պետքարտուղարությունը հետ է կանչում Էվանսին»` ավելացնելով, որ սխալ է դեսպանին պատժել փաստացի ճիշտ հայտարարությունների համար: «Ես Ձեզանից բացատրություն եմ սպասում, թե ինչու է Էվանսը հետ կանչվում»,- ասված է նամակում:
Հիշեցնենք, որ «The California Courier» թերթը հաղորդագրություն էր հրապարակել, ըստ որի ԱՄՆ Պետդեպարտամենտը որոշում է կայացրել Ջոն Էվանսին Հայաստանից ետ կանչելու վերաբերյալ: Վկայակոչելով Հայաստանում պետական աղբյուրները, թերթը հաղորդում է, որ Ջ.Էվանսն արդեն տեղեկացրել է ՀՀ իշխանություններին մոտակա ամիսներին կայանալիք իր մեկնման մասին: Բացի այդ, գրում է թերթը, ԱՄՆ Սենատն Հայաստանում դեսպանի պաշտոնում արդեն հաստատել է Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը, որն այժմ ԱՄՆ դեսպանն է Տաջիկստանում: Վաշինգտոնում լավատեղյակ աղբյուրները հաստատել են, որ Ջոն Էվանսը ետ է կանչվել Հայաստանից Հայոց ցեղասպանության մասին արած իր հայտարարությունների պատճառով: Մեկ տարի առաջ Ջոն Էվանսը հայտարարել էր Հայոց ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտության մասին: «Այսօր ես կանվանեմ այդ իրադարձությունը Հայոց ցեղասպանություն: Մենք, որպես ամերիկացիներ, չպետք է խաղանք բառերով եւ պետք է իրերն անվանենք իրենց անուններով»,-ասել էր նա, 1915 թվականի իրադարձություններն անվանելով «20 դարի առաջին ցեղասպանություն»: Ավեի ուշ ամերիկացի դիվանագետը նշել է, որ իր հայտարարությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ արտահայտում են իր «անձնական կարծիքը»:
Դեսպանին որեւէ երկրից ետ կանչելու վերաբերյալ որոշումը կայացնում է միայն ԱՄՆ նախագահը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը: «Ես, բնական է, մշտապես չեմ լինի ԱՄՆ դեսպանը Հայաստանում, սակայն ԱՄՆ նախագահից ես ոչ մի փաստաթուղթ չեմ ստացել իմ դիվանագիտական առաքելության ավարտի մասին»,- ասել է Էվանսը` մեկնաբանելով «The California Courier» թերթի հաղորդագրությունը: Միացյալ Նահանգների պետդեպարտամենտի խոսնակ Շոն ՄքՔորմաքը ասել է, թե տեղյակ չէ, որ Հայաստանում ԱՄՆ֊-ի դեսպան Ջոն Էվանսը հետ է կանչվել Երեւանից: «Տեղյակ չեմ, որ մենք որեւէ մեկին հետ ենք կանչել: Կարծում եմ, որ նա դեռեւս ծառայում է իբրեւ դեսպան Հայաստանում»,- նշել է նա:






