AM
16 Օգոստոս 2013 - 12:58 AMT

Վարդան Մինասյան. Ընդհանուր առմամբ Ալբանիայի դեմ խաղից այդքան էլ գոհ չեմ

Օգոստոսի 14-ին Հայաստանի ազգային հավաքականը ընկերական խաղում զիջել է Ալբանիայի հավաքականին 0:2 հաշվով: Ալբանիայից վերադառնալուց հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը նշել է, որ առաջին խաղակեսը վատ չի ստացվել, որովհետև տղաները հիմնականում անում էին այն, ինչ իրենցից պահանջել էին:

«Ուղղակի մենք չօգտագործեցինք մեր պահերը, փոխարենը Ալբանիան կարողացավ գրավել մեր դարպասը: Երկրորդ խաղակեսում այնքան էլ լավ չխաղացինք, ինչի պատճառը հավանաբար նաև այն էր, որ շատ փոփոխություններ արեցինք, և խաղացողների միջև խաղակցվածությունը կորավ: Ընդհանուր առմամբ խաղից այդքան էլ գոհ չեմ»,- ՀՖՖ պաշտոնական կայքին ասել է Մինասյանը:

Նա նշել է, որ որոշ ֆուտբոլիստներ ֆունկցիոնալ առումով այնքան էլ պատրաստ չէին` Կամո Հովհաննիսյանը երկար ժամանակ բաց էր թողել և լավագույն մարզավիճակում չէր, Լևոն Հայրապետյանը այդքան երկար չխաղալուց հետո դեռ չի հասցրել օպտիմալ մարզավիճակ ձեռք բերել. «Լավ վիճակում չէր նաև Խաչատուրովը, որը վերջին հանդիպումներում քիչ էր խաղացել: Խաղում արագությունները բարձր էին և մեր պաշտպանները շատ հաճախ չէին հասցնում, բայց մենք ուրիշ տարբերակ չունեինք, որովեհետև մի քանի ֆուտբոլիստներ վնասվածքներ ունեին: Ես խոսել եմ բոլոր տղաների հետ և զգուշացրել նրանց, որ մինչև Չեխիայի և Դանիայի հավաքականների հետ հանդիպումը պետք է ամեն ինչ անեն՝ լավ մարզավիճակում ներկայանալու համար»:

Մինասյանն ընդգծել է, որ ալբանացիները բավականին ագրեսիվ, արագ և պինդ թիմ ունեն, և պատահական չէ, որ այդքան բարձր տեղ են զբաղեցնում իրենց խմբում: Իսկ ըստ նրա, փոփոխությունը կայանում էր նրանում, որ այս անգամ ավելի շատ էին կարճ և միջին փոխանցումները, որի պատճառը, հավանաբար, այն էր, որ առջևի գծի 2 խաղացողները փոխվել էին:

Նա չի կարծում, որ ֆուտբոլիստները խնայում էին իրենց. «Ուղղակի բոլոր ֆուտբոլիստներն էլ ենթագիտակցորեն հասկանում են ընկերական և պաշտոնական խաղերի տարբերությունը: Այդ խնդիրը միայն մեզ մոտ չէ»: