AM
17 Մարտ 2006 - 13:10 AMT

ԱՀ ՊՆ. Հայկական գերեզմանատան տեղում կառուցված հրաձգարանը «Ադրբեջանի հետ ոչ մի առնչություն չունի»

Հին Ջուղայի հին հայկական գերեզմանատան տեղում ստեղծված հրաձգարանը «Ադրբեջանի հետ ոչ մի առնչություն չունի: Ալլահը միայն կիմանա` որտեղ են հայերը կատարել իրենց նկարահանումները: Կա՞ն արդյոք փաստեր, որ վերը նշված հրաձգարանը պատկանում է Ադրբեջանին եւ , որ այն ստեղծված է ավերված գերեզմանոցի տեղում: Չկան եւ չեն էլ կարող լինել»,- հայտարարել է պաշտպանության նախարարության մամլո ծառայության ղեկավարի պաշտոնակատար Իլգար Վերդիեւը, հայտնում է Բաքվի «Զերկալո» թերթը: Իր հերթին, ադրբեջանցի ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը նշել է, որ իրականում այդ հրաձգարանը գտնվում է Հայաստանի Մեղրիի շրջանում: Նախիջանում երկար տարիներ ծառայած Ջավարովը հայտարարեց, որ դեռ Խորհրդային միության ժամանակ Մեղրիում զինվարժությունների համար հրաձգարան ստեղծելու համար տարածք էր հատկացվել: «Իմ ունեցած տեղեկությունների համաձայն, վերջին ժամանակներում այդ հրաձգարանը ավելի ժամանակակից է դարձել, եւ դրանում քիչ դեր չեն խաղացել Հայաստանի 102-րդ ռուսական ռազմակայանի զինծառայողները: Ներկայացված նկարներում ֆոտոմոնտաժի տարրեր կան»,- ասել է Ջաֆարովը: Նա նաեւ նշել է, որ Նախիջեւանում միջազգային չափանիշներին համապատասխանող բավական քանակությամբ հրաձգարաններ կան: Բացի այդ, թուրք զինվորականները ամեն տեսակի օժանդակություն են տրամադրում մեր զինվորականներին: «Այդպիսի իրավիճակում ո՞րն է շուտափույթ կերպով Ջուղայում ռազմական հրաձգարան ստեղծելու նպատակը»,- ասել է փորձագետը:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը Հին Ջուղայի ավերված գերեզմանատան նկարներ է տարածել: 2005 թ. դեկտեմբերին նախկին 10.000 հասնող հայ խաչքարերի մնացորդները` շուրջ 3500 խաչքարերը ամբողջությամբ ոչնչացնելուց եւ դրանց ջարդած բեկորները հայկական հին գերեզմանատնից հեռացնելուց հետո, ականատեսների տվյալներով, ս.թ. մարտի սկզբներին այդ տարածքները ադրբեջանական զինվորականության կողմից վերածվել են ժամանակակից ռազմական հրաձգարանի: