AM
18 Մարտ 2006 - 09:45 AMT

«Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի կայքում զետեղված տեղեկատվության պատճառով Բաքուն բողոքի նոտա է հղել Ռուսաստանի ԱԳՆ-ին

Այն առնչությամբ, որ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի դուստր ձեռնարկության կայքի Կովկասի երկրների բաժնում «Լեռնային Ղարաբաղի տարածքը նշված է առանձին անվանումով, չնշելով նրա պատկանելությունը Ադրբեջանի Հանրապետությանը», ինչպես նաեւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը չի նշված Ադրբեջանի Հանրապետության կազմում, Ադրբեջանի դեսպանատունը Ռուսաստանում անհապաղ բողոքի նոտա է հղել ՌԴ ԱԳՆ-ին, որտեղ նշվում է, որ «անթույլատրելի է հրապարակել տեղեկատվություն, որն արտացոլում է Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության խախտումը»: Նոտայում նշվել է, որ դեսպանատունը խնդրում է Ռուսաստանի ԱԳՆ-ին «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի ուշադրությունը հրավիրել թույլ տված սխալները շտկելու եւ ապագայում դրանցից խուսափելու վրա: Դեսպանատունը խնդրել է նաեւ նոտայում զետեղված տեղեկատվությունը փոխանցել «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ին, որպեսզի այնտեղ աշխատող փորձագետներն ու մասնագետնրը ճիշտ ընկալեն ղարաբաղյան խնդիրը, որի կարգավորմամբ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահը զբաղվում է նաեւ Ռուսաստանը, հաղորդում է Day.az-ը:

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր PanARMENIAN.Net-ը, Բաքվի վրդովմունքն էր առաջացրել այն փաստը, որ «Ինտեր ՌԱՕ ԵԷՍ»-ի պաշտոնական կայքի «Հայաստան» էջում Ղարաբաղի Շուշի քաղաքը չի անվանվել ադրբեջաներեն «Շուշա», իսկ Քաշաթաղը` «Լաչին»: Ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղը գրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Հետաքրքրական է, որ «Ադրբեջան» էջում ընդհանրապես նշված չէ Նախիջեւանը որպես Ադրբեջանի բաղկացուցիչ մաս: