«Հայաստանը եւ հայերը համաշխարհային մշակույթի համատեքստում» խորագրով գիտաժողով կանցկացվի Կրասնոդարի Ֆելիցինի անվան պետական պատմահնեաբանական թանգարան-արգելոցում ապրիլի 25-ին, հաղորդում է Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը: Գիտաժողովի ընթացքում տեղի կունենա նաեւ Կուբանի հայության մշակույթի եւ կենցաղի իրերի ցուցահանդես, իսկ գիտաժողովի ավարտին կկայանա քյամանչայի վարպետների փոքր համերգ: Գիտաժողովի կազմակերպիչներն են` Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի հարավի թեմը, Կուբանի պետական համալսարանը (ԿՊՀ), Կովկասապոնտական հետազոտությունների կենտրոնը, Հյուսիսային Կովկասի պատմության եւ սոցիոմշակութային հետազոտությունների ինստիտուտը եւ Կրասնոդար քաղաքի Պաշկովսկի ավանի հայկական համայնքը: Գիտաժողովի արդյունքների հիման վրա նախատեսվում է լույս ընծայել ելույթների ժողովածու: Գիտաժողովը նվիրվում է Թուրքիայում 1915-23 թթ. Հայոց ցեղասպանության հերթական տարելիցին, երբ Արեւմտյան Հայաստանի տարածքում, որը Թուրքիայի կազմում էր, ոչնչացվեցին շուրջ երկու միլիոն հայեր: Բնիկ հայ բնակչությունից զրկված Արեւմտյան Հայաստանը այժմ էլ թուրքական պետության մաս է կազմում: Հիշեցնենք, որ նման գիտաժողով Կրասնոդարում անց է կացվել նաեւ 2005 թվականին: Այն ժամանակ գիտաժողովի անցկացմանը դեմ հանդես եկավ ՌԴ Նովոռոսիյսկ քաղաքում Թուրքիայի հյուպատոս Ահմեդ Ռեզա Դեմիրերը, որը պաշտոնական նամակ էր հղել ԿՊՀ ռեկտորին, որտեղ եւ անցավ այդ գիտաժողովը: Այնուամենայնիվ, գիտական միջոցառումը անց է կացվել, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել, որով կոչ է արվում Թուրքիայի իշխանություններին ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ինչն, ըստ գիտաժողովի մասնակիցների, «անհրաժեշտ պայման է Թուրքիային եվրոպական ժողովրդների ընտանիք ընդունելու համար»:






