Հայ-վրացական տնտեսական հարաբերությունները բավարար կերպով չեն զարգանում: Այդ մասին այսօր Երեւանում հայտարարել է Հայաստանում Վրաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռեվազ Գաչեչիլաձեն: Նրա խոսքերով, Վրաստանի կառավարությունը շահագրգռված է վրացական շուկա հայկական կապիտալի ներհոսքի հարցում, եւ վերջին ժամանակներս նախանշվում է հայ-վրացական տնտեսական կապերի ընդլայնման միտում: «Մենք արդեն տեսնում ենք, որ Վրաստանում վաճառվում են «Նոյան» հյութեր, «Սիգարոն» ծխախոտի գործարանի, «Արարատ-ցեմենտ» կոմբինատի արտադրանքը»: Հայաստանում վաճառվում է վրացական լիմոնադ եւ հանքային ջուր: Սակայն դա բավարար չէ: Վրաստանը ու Հայաստանը փոքր տնտեսություն եւ սպառման սեղմ շուկա ունեցող երկրներ են: Միասին մեզ ավելի հեշտ կլինի զարգանալ: Հարկավոր են մասնավոր կապիտալի ներդրումներ: Քոբուլեթում հայկական կողմն արդեն հյուրանոց է կառուցում: Ես կարծում եմ, որ Հայաստանում եւս վրաց ներդնողները կարող են հյուրանոց կամ առեւտրի կենտրոն կառուցել: Համատեղ նախագծերի թվում կնշեմ նաեւ Հրազդան-Գարդաբանի էլեկտրահաղորդման նոր գծի կառուցումը»,-ասել է դեսպանը:
Ռ.Գաչեչիլաձեն նշել է նաեւ, որ եթե Կարս-Գյումրի երկաթուղին աշխատեր, ապա Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու կառուցման անհրաժեշտությունը չէր լինի: «Վրաստանը տարանցիկ երկիր է եւ տնտեսության զարգացման համար այդ ճանապարհը մեզ համար շատ կարեւոր է: Ցավոք, հայտնի չէ, թե երբ կգործի Կարս-Գյումրի ճանապարհը եւ կգործի արյդոք»,-ասել է Վրաստանի դեսպանը: Ինչ վերաբերում է Իրան-Հայաստան գազատարին, ապա նա նկատել է, որ Վրաստանը միայն ուրախ կլինի, եթե այն անցնի նաեւ իր տարածքով: «Գազի տարանցումից կշահեն տարածաշրջանի բոլոր երկրները»,-գտնում է Գաչեչիլաձեն:






