Եվրամիությունը ցանկություն ունի ավելի ակտիվ մասնակցություն ցուցաբերել Հարավային Կովկասի հակամարտությունների կարգավորման հարցում, մարտի 21-ին հայտարարել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին Վրաստան կատարած իր առաջին այցի ավարտին: «ԵՄ-ն ցանկանում է ավելի ակտիվորեն մասնակցել Հարավային Օսիայի, կամ այլ հակամարտությունների կարգավորմանն առնչվող յուրաքանչյուր միջոցառմանը», – նշել է Սեմնեբին: Միեւնույն ժամանակ, նշել է նա, դեռ վաղ է խոսել վրաց-օսական հակամարտության կարգավորման հարցերով զբաղվող Խառը Վերահսկիչ Հանձնաժողովի աշխատանքին ԵՄ անմիջական մասնակցության մասին: Փիթեր Սեմնեբին ասել է, որ Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցչի պաշտոնում իր հիմնական ջանքերը ուղղված են լինելու հենց հակամարտությունների կարգավորմանը: Խոսելով Վրաստանի տարածքում հակամարտությունների կարգավորման հարցում տիրող իրավիճակի մասին` Սեմնեբին նկատել է, որ « նշանակալի են Վրաստանի կառավարության գործադրած ջանքերը` անջատողական շրջանների հետ շփումներ հաստատելու ուղղությամբ»: «Մենք կաշխատենք նպաստել այդ միջոցառումներին: Ես նաեւ ցանկանում եմ կոչ անել Վրաստանի իշխանություններին գործել ակտիվ, նպատակաուղղված, բայց միեւնույն ժամանակ, զգույշ եւ անշտապ` որեւէ սրում թույլ չտալու համար», – հայտարարել է Սեմնեբին, հաղորդում են վրացական ԶԼՄ-ները:






