Սեպտեմբերի 8-ին Վանա լճի Աղթամար կղզում գտնվող Սբ Խաչ եկեղեցում ՀԱԵ Կոստանդնուպոլսի պատրիարքի տեղապահ Արամ Աթեշյանը չորրորդ անգամ պատարագ մատուցեց: Եկեղեցում առաջին անգամ մկրտություն կատարվեց՝ մկրտվեցին հայկական ծագում ունեցող Թուրքիայի քաղաքացիներ, ինչպես նաև մի բժիշկ Հայաստանից:
Պատարագին ներկա էին բազմաթիվ ուխտավորներ Սփյուռքից, Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչներ, զբոսաշրջիկներ: Աղթամարի Սբ Խաչ եկեղեցին վերանորոգվել է 2010 թվականին: 2010թ. սեպտեմբերի 19-ին Խաչվերաց տոնի օրը մատուցվել է վերջին 95 տարում առաջին պատարագը: Հոկտեմբերի լույս 1-ի գիշերը եկեղեցու վրա խաչ է տեղադրվել: Մինչ այդ թուրքական իշխանությունները հրաժարվում էին տեղադրել այն, ինչը ողջ աշխարհի հայերի զանգվածային բողոքի պատճառ դարձավ: Այժմ Աղթամարը գործում է որպես թանգարան:
Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին հայ ճարտարապետության կոթողներից է, հնում՝ Հայաստանի հոգևոր խոշոր կենտրոն՝ Աղթամարի վանական համալիրի բաղկացուցիչ մասն է։ Պատկանում է քառակուսի հատակագծով, զույգ ավանդատներով, գմբեթավորված եկեղեցիների տիպին։ Կառուցվել է Վասպուրականի իշխան Գագիկ Արծրունու պատվերով` ճարտարապետ, քանդակագործ և նկարիչ Մանվելի կողմից։ Տաճարի արտաքին պատերը զարդարված են 6 հորիզոնական շարք կազմող զարդաքանդակներով, որոնք չեն խախտում պատերի հարթությունը։ Արևելյան ճակատին պատկերված են Թադևոս և Բարդուղիմեոս առաքյալները։ Նրանց կողքին են նաև Գրիգոր Լուսավորիչը, Արծրունյաց տան եպիսկոպոսները, արաբական արշավանքների ժամանակ հերոսացածները, այդ թվում՝ հարազատներով շրջապատված Արծրունյաց ցեղի 4 ներկայացուցիչ։ Եկեղեցու պատերից մեկին պատկերված է խաղողի մշակման ամբողջ ընթացքը՝ որթը տնկելուց մինչև գինու պատրաստելը։ Եկեղեցին զրկվել է հավատացյալներից 1915թ.:






